Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիրը» դուրս է գալիս իշխող կոալիցիայից


Նախագահ Սերժ Սարգսյանը և ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը, 20-ը մարտի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը, 20-ը մարտի, 2012
«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) ոչ նպատակահարմար և խնդրահարույց է համարում իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմելը:

Չորեքշաբթի ուշ երեկոյան կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությամբ ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը գործել է ոչ արդյունավետ: Կուսակցությունը, մասնավորապես, վկայակոչում է այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում չի քննարկել Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, թեև նախագահի հետ հանդիպմանը ՕԵԿ-ի ղեկավարները հնչեցրել են այդ առաջարկը:

«ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել երեք նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում:

ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց, որ կուսակցությունն անցնում է ընդդիմության շարքերը, ինչը նշանակում է նաև, որ առաջիկա օրերին Արթուր Բաղդասարյանը կհրաժարվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

«Քաղաքական դաշտում կամ ընդդիմություն ես, կամ իշխանություն ես, այլ տարբերակ ընդունված չէ։ Եթե որոշում կայացվեց, որ պետք է ընդդիմադիր դաշտում աշխատել, նշանակում է՝ պետք է հրաժարվել պաշտոնից»,- ասաց Բիշարյանը։

Մինչ այդ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել ՕԵԿ-ական երեք նախարարները՝ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը և Սամվել Թադևոսյանը։ ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը, սակայն, ձեռնպահ մնացին գնահատել այս քայլը, կամ ներկայացնել կուսակցությունից դուրս գալու պատճառները՝ արդյոք դա արվել է պաշտոնները պահպանելու համար։ Բիշարյանն ու Շահգելդյանը միայն պնդեցին, թե ՕԵԿ-ը շատ գոհ է նախարարների աշխատանքից։

«Ցանկացած քաղաքական ուժ, երբ այսպիսի որոշումներ է կայացնում, բոլոր քաղաքական թիմերում և գալիս են, և գնում են»,- ասաց Բիշարյանը։

«Եկեք էսպես ասենք. մենք բավարարել ենք մեր գործընկերների դիմումները և մաղթում ենք հաջողություն»,- հավելեց Շահգելդյանը։

Ի թիվս մի շարք խնդիրների՝ ՕԵԿ-ը նաև կուտակային կենսաթոշակների հարցով Սահմանադրական դատարանի որոշումն է վկայակոչում՝ բացատրելով, թե ինչու է ընդդիմադիրների շարքն անցնում: Հեղինե Բիշարյանին հիշեցրեցինք, որ ՕԵԿ-ը որևէ կերպ չի աջակցել «Դեմ եմ» շարժմանը, ինչպես նաև ՀՀԿ-ի հետ միասին տապալել էին կուտակայինի հարցով արտահերթ նիստ անցկացնելու՝ ընդդիմության առաջարկը։

«Կաջակցենք, մի մտածեք»,- հակադարձեց նա.- «Մենք ունենք մեր առաջարկը նաև պարտադիր կուտակային կետի հետ կապված»։

«Դուք տապալեցիք ընդդիմության առաջարկը՝ արտահերթ նիստ անցկացնել կուտակայինի հարցով», - «Ազատության» այս դիտարկմանը Բիշարյանը արձագանքեց․ - «Մենք որևէ բան չենք տապալել մեր երկրում։ Այլ բան է մոտեցումների խնդիր է, թե ինչպես ենք մենք մտածել...»։

Իսկ գազային աղմկահարույց համաձայնագրերին ՕԵԿ-ը կողմ է քվեարկել, քանի որ «արժանապատվորեն ու սկզբունքորեն» պաշտպանել է կոալիցիոն որոշումը:

Եվ առհասարակ, Հեղինե Բիշարյանը որևէ արտառոց բան չի տեսնում, որ դարձյալ իրենց ընդդիմադիր են հռչակում, ասաց՝ այսօրվա ընդդիմադիրներն էլ նախկին իշխանություններն են:

Ընդդիմադիր դառնալու ՕԵԿ-ի նախորդ փորձը կարճ տևեց՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը՝ իշխանության մաս դառնալով։

Հարցին, թե այս անգամ որքա՞ն կմնան ընդդիմադիր դիրքերում, Բիշարյանը պատասխանեց՝ «կյանքը ցույց կտա»։
XS
SM
MD
LG