Մատչելիության հղումներ

Քառյակը չի շտապում քննադատել վարչապետ Հովիկ Աբրահամյանին


Հայաստան -- Կառավարության նիստերի դատարկ դահլիճը, արխիվ
Հայաստան -- Կառավարության նիստերի դատարկ դահլիճը, արխիվ
«Բարգավաճ Հայաստանը» բացառում է որևէ ձևով իր մասնակցությունը նոր կառավարության աշխատանքում, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ վստահեցրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհարբյանը։

Հիշեցնենք, երեկ իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ ԲՀԿ-ին և Դաշնակցությանը նոր կառավարությունում մասնակի պատասխանատվություն ստանձնելու առաջարկ արվի։

«Բացառում եմ որևէ ձևով ԲՀԿ մասնակցությունը այս կառավարությանը», - հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ համաձայն ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի տարածած հաղորդագրության՝ շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Բացելով փակագծերը՝ Ուրիխանյանը տեղեկացրել է, թե Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել:

«ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ: Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, Հայաստանում առկա է տնտեսական ճգնաժամ»,- հանդիպման մասին տեղեկացրել է Տիգրան Ուրիխանյանը։

Ի պատասխան Ազատության այն հարցին, թե ի՞նչ են մտածում վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, արդյոք նա ԲՀԿ-ի համար ընդունելի՞ վարչապետ է՝ Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․ - «Բարգավաճ Հայաստանը» մշտապես հստակ ասել է, որ մենք երբեք որևէ խնդիր չեն անձնավորել, հիմա էլ չենք անձնավորում: Կտեսնենք, թե ինչպես է աշխատում նորանշանակ վարչապետը նորանշանակ կաբինետում, այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» իր գնահատականը կտա: Այս պահին որևէ գնահատական մենք չենք տալու»:

Եթե ԲՀԿ-ն հայտարարում է, որ նոր կառավարության մաս չի կազմելու, ապա Հայ հեղափոխական դաշնակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաները դեռ շարունակում է:

Պատասխանելով մեր հարցին, թե ե՞րբ պարզ կլինի՝ Դաշնակցությունը որևէ կերպ համագործակցելո՞ւ է նոր կառավարության հետ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ դեռ ժամանակ ունեն և շտապելու կարիք չկա: Քսանօրյա ժամկետում պետք է կառավարություն ձևավորվի, այդ ընթացքում նաև տեղի կունենա Դաշնակցության գերագույն մարմնի ժողովը:

«Մենք ունենք մեր մոտեցումները, առաջարկությունները՝ ամփոփված 7 ծրագրային կետերի մեջ: Կապված դրանց ընդունման տարողությունից, ծավալից, կորոշվի համագործակցության ձևաչափը, որը կարող է շատ բազմազան լինել: Իսկ այդ հարցերին նաև պատասխան կտա, բնականաբար, գերագույն ժողովը», - մանրամասնեց նա:

Աղվան Վարդանյանը չցանկացավ գնահատել Հովիկ Աբրահամյանի կարողությունները վարչապետի պաշտոնում՝ ասելով, թե՝ կապրենք, կտեսնենք:

«Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես ձեռնպահ է մնում ասել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը իրենց համար ընդունելի՞ թեկնածու է: Հակոբյանի պնդմամբ իրենք երկրում համակարգային փոփոխությունների կատարումը անձերով չեն պայմանավորում։

«Ես չտեսա, որ այնտեղ կար համակարգ փոխելու տրամադրություն: Դա նշանակում է՝ շարունակել այն, ինչ մինչև այսօր կատարվել է», - ասում է նա:

Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը ինքնախոստովանություն է համարում Սերժ Սարգսյանի՝ կիրակի օրը արած այն հայտարարությունը, թե՝ Հովիկ Աբրահամյանի հետ ամրագրել են, որ «պետական բյուջեն անձեռնմխելի է, իսկ կաշառքն արգելված»:

«Խոստովանություն կար այդտեղ, որ մինչև այս օրը բյուջեն անձեռնմխելի չէր, կաշառք կարելի էր վերցնել, հիմա պայմանավորվել են, որ բյուջեն անձեռնմխելի է և կաշառք չի կարելի վերցնել: Ինչ-որ տեղ ծիծաղելի է դա», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը վարչապետի նշանակման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է․ - «Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որևէ ծրագիր իրականացնել և կորցրել են Հայաստանում կառավարություն ձևավորելու որևէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որևէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG