Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ծրագրվում է անցկացնել մինչև 2016 սկիզբ


Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ, Երևան, 10 ապրիլի, 2014թ․
Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ, Երևան, 10 ապրիլի, 2014թ․
Իշխանությունները ծրագրել են Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացնել 2015 թվականին, իսկ ամենաուշը 2016-ի սկզբին:

Այս մասին այսօր ասաց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Վերահաստատելով, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ երկրի ղեկին մնալ, Գալուստ Սահակյանը հավելեց․ - «Բայց դա չի նշանակում, որ Հանրապետականը իր հզորությունները կորցնելու է: Բնականաբար, Հանրապետականը շարունակելու է իր գործունեությունը»:

Ավելին, ըստ Գալուստ Սահակյանի, հենց Սերժ Սարգսյանը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե բարեփոխումների արդյունքում երկիրը չանցնի կառավարման խորհրդարանական մոդելի:

«Եթե այնպիսի պայման առաջանա, երբ որոշվի, բնականաբար կլինի: Եթե չցանկանա, էլի չի ցանկանա: Բայց պայման է դնում, ասում է՝ որպեսզի լարվածություն չմտնի այս Սահմանադրության քննարկմանը: Ես այդպես հակված չեմ, որ իշխանության ղեկին լինեմ», - հավելեց նա:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերից միայն Դաշնակցությունն է ողջունում Սերժ Սարգսյանի խոստումը՝ չառաջադրվել նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով, նախագահը ճիշտ ժամանակին արեց այս հայտարարությունը․ - «Հավատը կյանքի այլ չափանիշ է: Ես ողջունում եմ նախագահի նման հայտարարությունները, կապրենք, կտեսնենք»:

Դաշնակցությունում կարծում են՝ սահմանադրական բարեփոխումների վրա աշխատած խումբը ճիշտ ուղղությամբ է գնացել, ձևակերպել է, թե ինչ խնդիրներ ունի այսօրվա Հայաստանը և ինչ է պետք անել դրանք լուծելու համար:

«Որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ՝ միանշանակ է, բայց դա կապել սահմանադրական բարեփոխումներ չանցկացնելու հարցի հետ, ես համաձայն չեմ: Ընդհակառակը, սահմանադրական փոփոխությունները հենց այն առիթն են, հենց այն հիմնական բովանդակությունն են, որոնք պիտի որոշեն մեր պետության ապագան, մեր պետության որակը, իշխանություն – ընդդիմություն հարաբերությունները: Դա հետաձգել անորոշ ժամանակով նույնպես մենք ճիշտ չենք համարում: Ընդհակառակը՝ կարծում ենք, որ պրոցեսը սկսված է», - հավելեց Աղվան Վարդանյանը:

«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Օսկանյանը, մինչդեռ, երեկ հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումները անընդունելի են, քանի որ առաջնային են երկրում առկա բազմաթիվ խնդիրները, հիմա տնտեսությունն է պետք բարեփոխել:

Գալուստ Սահակյանն արձագանքում է՝ Վարդան Օսկանյանին մի հավատացեք․- «Ես խնդրում եմ, դուք բոլորդ հավատացեք միայն այն դեպքում, երբ խոսում է Գագիկ Ծառուկյանը: Անմշակ քաղաքական գործիչների հայտարարություններին չի կարելի հավատալ»:

Հայ ազգային կոնգրեսում և «Ժառանգությունում» տարակուսած են՝ ինչու հենց ներքաղաքական լարված այս փուլում իշխանությունները շրջանառության մեջ դրեցին բարեփոխումների նախագիծը: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անհեթեթ է որակել այս իրավիճակը: «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն էլ ասում է՝ իրենք միշտ էլ կողմ են եղել խորհրդարանական համակարգին անցնելուն, բայց հիմա հարցեր են առաջացել․ - «Եթե նույնիսկ վաղուց էին նախատեսել, միևնույնն է՝ այն, ինչ կատարվում է այսօր մեր պետության մեջ, ինչ լարվածություն որ կա, չեմ կարծում, որ այս պահին այդ հարցը պետք է դրվի քննարկման»:

Սերժ Սարգսյանը հեշտությամբ կհրաժարվի իր խոստումներից, թե պաշտոն չի ստանձնելու, երեկ ասել էր Լևոն Զուրաբյանը: Ռուբիկ Հակոբյանը հավելեց․- «Իշխանության վերարտադրությունը միայն անձով չէ, իշխանության վերարտադրությունը նաև համակարգով է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG