Մատչելիության հղումներ

«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի ռեժիսորը հրաժարվում է Հայաստանի պետական մրցանակից


Ռեժիսոր Ելենա Ֆետիսովա
Ռեժիսոր Ելենա Ֆետիսովա
Ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվում է Հայաստանի պետական մրցանակից ու չնայած նախապես տված համաձայնությանը, ինքնաթիռի արդեն գնված տոմսերին և հյուրանոցի ամրագրմանը, այսօր չժամանեց Երևան՝ մասնակցելու նախագահականում անցկացվող մրցանակաբաշխությանը և Սերժ Սարգսյանից ստանալու իր պարգևը:

«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և ռեժիսոր Ֆետիսովան Կիևից երկլեզու՝ ռուսերենով և անգլերենով բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում նշում է, թե պայմանավորված Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի առաջնորդի արտահայտած դիրքորոշմամբ՝ իր մասնակցությունն այդ մրցանակաբաշխությանը անհնար է, իսկ իր դրամական պարգևը խնդրում է փոխանցել հայ որբ երեխաների կարիքները հոգալու համար:

Ելենա Ֆետիսովան «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց, թե որպես Ուկրաինայի քաղաքացի՝ չէր կարող մրցանակ ստանալ անձամբ մի նախագահից, ով աջակցել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները և ճանաչել Ղրմի հանրաքվեի արդյունքները՝ փաստացի բռնակցումը։

«Նա աջակցեց ապօրինի և բոլոր առումներով կեղծված հանրաքվեի իրավազորությունը: Երբ ընտրությունն անց է կացվում կոշտ ճնշման ներքո, դա ազգերի ինքնորոշման ազատ կամարտահայտություն չէ: Ղրիմից արդեն 25 հազար փախստականներ ունենք, դա բերելու է հումանիտար և մարդկային ճակատագրերի աղետի: Այդպես չի կարելի անել»,- ասաց ռեժիսորը։

Ֆետիսովան շեշտում էր, որ այս որոշումն անձնական է, իր քաղաքացիական կեցվածքի դրսևորումը և չի կարող որևէ ազդեցություն ունենալ վաղվանից Երևանում էկրան բարձրացող «Փարաջանով» ֆիլմի հետագա ճակատագրի վրա, առավել ևս կասկածի տակ դնել հայ ժողովրդի հանդեպ տածած իր սերը։

«Ես արվեստն ու քաղաքականությունը չեմ խառնում, մենք միշտ զուգահեռ ենք առաջ շարժվել: Յուրաքանչյուր ստեղծագործող ռեժիսոր չի կարող չապրել քաղաքականության մեջ, մենք ապրում ենք այս աշխարհում, և ամեն մեկը որոշակի կեցվածք պիտի ունենա: Վստահ եմ, որ այսպիսի իրավիճակում Փարաջանովը նույն կերպ կվարվեր: Ես ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը վեր եմ դասել ինչ-որ դրամական կամ այլ պարգևներ ստանալու անհրաժեշտությունից»,- ասաց ուկրաինացի ռեժիսորը։

«Փարաջանով» ֆիլմը ոչ թե պետությունների ղեկավարների, այլ հանդիսատեսի համար է, ասում է Ֆետիսովան: Ուկրաինացի ռեժիսորը պատմում է, որ շատ հայ ընկերներ ունի Կիևում, ուսանողական տարիներից հայազգի գործընկերների հետ է աշխատում, իսկ ֆիլմի նկարահանման տարիներին հատկապես կապվել է Հայաստանի հետ։

«Վստահ եմ, որ հայ ընկերներս, գործընկերներս, կինոսերները կհասկանան ինձ, քանի որ նրանք էլ են ապրել պատերազմի վախի մեջ: Ես պարզապես չէի կարող Երևան գալ՝ այդպիսով ողջունելով մի իրավիճակ, երբ իմ հայրենիքը վտանգի մեջ է, իսկ Հայաստանի ղեկավարությունը, ցավոք սրտի, իմ երկրի կողքին չէ: Մայդանի առաջին զոհը հայազգի էր՝ Սերգեյ Նիգոյանը: Նրա հիշատակը ինձ թույլ չի տալիս գալ Հայաստան, ասել՝ ահա այստեղ եմ, իսկ նա մեր հողում է պառկած՝ իմ ժողովրդի ազատության համար», - ասաց ռեժիսորը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է Ֆետիսովայի որոշմանը, նշելով, թե հասկանում է Ֆետիսովայի դրդապատճառները և պատրաստվում է մրցանակը Ուկրաինացի ռեժիսորին փոխանցել իր գործընկերների միջոցով, իսկ մրցանակի դրամական բաղադրիչը ուղղել բարեգործական միջոցառումների՝ այն կրկնապատկելով Նախագահի հիմնադրամից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG