Մատչելիության հղումներ

Հնաբերդցիները մեղադրում են ՀՀԿ-ական նախկին գյուղապետին


Հնաբերդ գյուղում մեղադրում են ՀՀԿ նախկին գյուղապետին
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

Հնաբերդ գյուղում մեղադրում են ՀՀԿ նախկին գյուղապետին

Հնաբերդցի Հենրիկ Ավագյանը տարիներ շարունակ իրավապահներից պահանջում է նախկին հանրապետական գյուղապետ, 2012 թվականից գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տված Զավեն Մեջլումյանին պատժել օրենքով։

«Գյուղապետը գյուղը թալանել է»,- ասում է Ավագյանը։

Հենրիկ Ավագյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, գրել է, թե գյուղացիները վերջապես ազատվել են նախկին գյուղապետ Զավեն Մեջլումյանից, բայց «չեն ազատվել նրա թողած ծանր հետևանքներից, որոնք ինչպես հոգեբանորեն, այնպես էլ նյութական վնասներ են հասցրել համայնքի գրեթե ողջ բնակչությանը»:

Անցյալ ամիս Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը, քննելով Հենրիկ Ավագյանի բողոքը, վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը։ Հիմա գործը կրկին ոստիկանությունում է, սակայն Ավագյանը դժգոհ է, ասում է՝ ոստիկանությունը շատ է ձգձգում գործը, քննիչներն ուզում են «փակել գործը»։

Դատարանի որոշման մեջ վկայակոչվել են Ավագյանի պնդումները.- «Գյուղը 50 տոննա սոլյարկա է ստացել, բայց մի լիտր սոլյարկա չի բաժանվել»,- ասում է նա։

Բացի այդ, ըստ որոշման մեջ նշվածի, «համագյուղացի Հրաչ Խալաֆյանի հարսը Զավեն Մեժլումյանի՝ գյուղապետ աշխատած տարիներին, երկու ամսով ձևակերպվել է որպես հավաքարար, գնացել ֆիզարձակուրդ և, ստանալով համապատասխան գումարը, դրա մի մասը տվել Մեջլումյանին»:

Հիշատակված է նաև պնդումը, թե Մշակույթի տան աշխատակից Մանիկը գտնվել է Ռուսաստանում, իսկ նրա աշխատավարձը ստացել է Մեջլումյանը: Բացի այդ՝ «2005-2006 թվականներին գյուղապետարանի պահակ է ձևակերպվել համագյուղացի Վաղոյի որդի Հովիկը, սակայն վերջինս այդ մասին չի իմացել, աշխատանքի չի գնացել և աշխատավարձ չի ստացել»:

Ավագյանն ասում է՝ մարդիկ ժամանակին չեն բողոքել վախից։

«Ստեղ Սադամ Հուսեյինի ռեժիմն էր»,- ասում է Ավագյանը, ում պնդումները մեզ հետ զրույցներում հաստատեցին գյուղամիջում հավաքվածները:

«Փորձում են բանսարկություն կատարել»

Նախկին գյուղապետ Մեջլումյանը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները։

«Բացարձակ զրպարտություն է, փորձում են բանսարկություն կատարել, բայց իրենց մոտ չի ստացվի»,- ասում է նա։

Նախկին գյուղապետը հակադարձ մեղադրանքները հասցեագրեց Հենրիկ Ավագյանին ու նրա բարեկամներին՝ ասելով, թե «ՀՀՇ-ի քայքայիչ քաղաքականությամբ են զբաղվել, ամբողջ ֆերման իրենք են սեփականացրել»։

Հենրիկ Ավագյանն ասաց՝ ամեն ինչ արել են ֆերման պահպանելու համար, այդ ֆերման վերցրել է իր հայրը, և այն մինչ օրս էլ գործում է՝ կատարելով պլանը:

Ըստ Հենրիկ Ավագյանի պնդումների, նախկին գյուղապետ Զավեն Մեջլումյանը 2008-20011 թվականներին համայնքին հատկացված 40 հազար դոլարը չի ծառայեցրել նպատակին, յուրացրել է, նախակրթարանի տանիքը չի վերանորոգվել։

Նախկին գյուղապետը վկայակոչեց քամու հանգամանքը, ասաց՝ քամին տարել է։

Այս պատմությանն առնչվող փաստաթղթերում կա գրավոր ստացական, որը փաստում է որ ամերիկահայ բարերար Ռիչարդ Բոյաջյանը նախկին գյուղապետից պահանջել է 10 հազար դոլարը: Գյուղացիներն ասում են՝ բարերարն այս քայլին է դիմել, երբ տեսել է, որ իր տրամադրած 30 հազար դոլարը նպատակին չի ծառայել՝ գյուղի համար կարևոր խնդիրը չի լուծվել: Նախկին գյուղապետն ասում է՝ Բոյաջյանը 40 հազար դոլար չէր տվել նախակրթարանի համար, բայց հստակ թիվն էլ չասաց, պատճառաբանեց, թե չի հիշում գումարի չափը:

Հնաբերդի նոր գյուղապետ Մարատ Պողոսյանը ներկայացավ որպես անկուսակցական, գյուղացիները, սակայն, ասում են՝ նա «Բարգավաճ Հայաստանից» է: Նոր գյուղապետի խոսքով, երբ ընդունում-հանձնում է եղել, բյուջեում 170 հազար դրամից քիչ ավելին էր, այն էլ՝ նախկին գյուղապետը հող էր գնել, դրա գումարն է եղել: Նախկին գյուղապետը չհերքեց այս պնդումը:

Գյուղապետարանի շենքը ամեն վայրկյան փլվելու վտանգի առջև է․նոր գյուղապետն ասում է՝ երբ ստանձնել է գյուղապետի պարտականությունները, գյուղապետի աշխատասենյակում ոչ վարագույր է եղել, ոչ աթոռ, վեց աթոռ նոր գյուղապետի եղբայրն է նվիրել, իր ասելով: Բայց նոր գյուղապետին ամենաշատը կարծես թե զարմացրել էր այն, որ անգամ Սերժ Սարգսյանի լուսանկարը չի եղել հանրապետական նախկին գյուղապետի աշխատասենյակում։

Զավեն Մեջլումյանին գյուղապետարանի աշխատասենյակին վերաբերող հարցեր էլ ուղղեցինք.- «Միշտ մտածել եմ գյուղի, ժողովրդի խնդիրները լուծեմ, ոչ թե իմ աթոռը ճոխ լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման տարիներին գյուղապետարանում Սերժ Սարգսյանի նկարը չփակցնելուն, նախկին գյուղապետն ասաց.- «Ոչ մի անգամ իմ ձեռքը օճառ չի եղել»։

Երբ արդեն հասնում էինք Երևան, նախկին գյուղապետը հեռախոսով ցանկություն հայտնեց ավելացնել մի միտք՝ կապված Սերժ Սարգսյանի լուսանկարի հետ.- «Սերժ Սարգսյանի նկարը եղել է պատից կախված, ընդունում-հանձնում որ պետք է անեինք, քանի որ նորընտիր գյուղապետը Հանրապետական կուսակցությունից չէր, ես նպատակահարմար գտա, որ այդ նկարը այնտեղ չմնա։ Ես հանել եմ, տարել եմ մեր տուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG