Մատչելիության հղումներ

Օպերայի աշխատակիցները կուտակայինի դեմ ստորագրահավաք են անցկացնում


Օպերայի և բալետի ազգային թատրոնի աշխատակիցներն այսօր եկել էին աշխատավայր ոչ թե փորձերին մասնակցելու, այլ պատրադիր կուտակային կենսաթոշակային պահումների դեմ իրենց քայլերը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Օպերայի արտիստները բոյկոտեցին ներկայացումը, և չնայած դահլիճը լեփ-լեցուն էր` հանդիսատեսն այդպես էլ չվայելեց «Անուշ» օպերան: Ծափահարություններ ու «բրավո» կոչեր այդուհանդերձ դահլիճից հնչեցին արտիստների հասցեին, որոնց բողոքն ուղղված էր պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ:

Երեկ հայտարարվել էր, որ այսօր առավոտյան արտիստները Օպերայի շենքի առջև բողոքի ցույց են անցկացնելու, սակայն ցույցը չկայացավ: Ծառայողական մուտքի մոտ մեզ հանդիպած արտիստներն ասում էին, որ դեռ չեն որոշել` աշխատելո՞ւ են, մասնակցելո՞ւ են փորձերին, թե՞ դիմելու են բողոքի գործողությունների:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից այսօր տեղեկացանք, որ թատրոնի`1974թ-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը բավական մեծ է այս կառույցում: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և պատրաստվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ իրենց ստորագրությունները հանձնել կառավարությանը:

«Ազատության» հարցին` աշխատակազմը հիմա գործադուլի՞ է դիմել, Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մեծ մասը աշխատում է, մի որոշ մաս չի աշխատում: Հիմա դրա վրա աշխատում ենք: Դրա համար ես այս պահին ավել բան չեմ կարող ասել»:

Օպերայի շենքի մոտ նկատել էինք Մշակույթի նախարարության աշխատակիցների: Հիշեցնենք` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ենթարկվում է Մշակույթի նախարարությանը: Մեր հարցին` նախարարության կողմից ճնշում կա՞ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված, թատրոնի տնօրենը պաստասխանեց. - «Չէ, ճնշում չեն գործադրում: Ես օրենքները լավ հասկանում եմ, գիտեմ: Այս պահին մի քիչ լարվածություն կա, բնականաբար: Աշխատում ենք հարթել: Մեզ համար ամենակարևորը, որ թատրոնը բնականոն իր աշխատանքը կատարի: Թատրոնը ժողովրդի համար է: Մենք պարտավոր ենք մեր ներկայացումները խաղալ»:

Թատրոնի ղեկավարությունը հույս ունի, որ «Անուշ» օպերային ներկայացումը, որը տեղափոխվել է փետրվարի 23-ին, կկայանա:

Նշենք, որ եթե դեռ երեկ երեկոյան, ինչպես նաև այսօր առավոտյան ներկայացումը բոյկոտած արտիստները համարձակությամբ խոսում էին իրենց արարքի մասին, ապա արդեն ժամը երեքից հետո, երբ այստեղ այցելեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, իրավիճակը փոխվեց: Ավելի քան երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո արտիստները լուռ ու մունջ դուրս էին գալիս շենքի ծառայողական մուտքից` հրաժարվելով խոսել լրագրողների հետ:

Տրամադրության փոփոխությունն այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ օպերային թատրոնի հայտնի մեներգիչ Գևորգ Հակոբյանը, ով «Անուշ» օպերայում հանդես է գալիս Մոսիի դերում, այսօր նոր դեր ուներ․ լրագրողների առջև նա ներկայացավ որպես շենքի հրշեջ:

Իսկ կերպարանափոխոթյան պատճառը գուցե այն էր, որ նախարարությունից Օեպրայի աշխատողներին աշխատավարձի 20 տոկոս բարձրացում էին խոստացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին բալետի պարողներ Ահարոն Պետրոսյանն ու Սևակ Սաֆարյանը:

Ի դեպ, իրենց դիրքորոշումը չեն փոխել երեկ գործադուլի դուրս եկած երկաթուղայինները: «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները մեզ այսօր փոխանցեցին, որ ղեկավարությունից պահանջել են ժողով, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա վաղը:

Գործադուլի դուրս եկած այս մարդկանց ոգևորել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Հակոբ Առուշյանի երեկվա հայտարարությունը: Հիշեցնենք` պատասխանելով 1in.am-ի այն հարցին, թե Կենտրոնական բանկն ի՞նչ իրավունք ուներ մեկնաբանել ՍԴ-ի որոշումը, Առուշյանն ասել էր, թե բանկը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել, որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: « Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ՝ նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք՝ եթե այսպես լինի, այսպես կանենք», - ասել է ՍԴ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները ավելի վաղ իրենց հայտարարություններում գործադուլի կոչ էին անում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG