Մատչելիության հղումներ

Գրաֆիտիների պատճառով ՀԱԿ-ի ակտիվիստները բերման են ենթարկվել


Գրաֆիտիները ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանություն են հասցրել
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00
Փետրվարի 10-ի լույս գիշեր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 9 ակտիվիստների բերման են ենթարկել այն պահին, երբ նրանք փորձել են Երևանի կենտրոնում Սերժ Սարգսյանի դիմանկարը պատկերող և «Պետական դավաճան» գրությամբ գրաֆիտի նկարել։

Ուղիղ երեք ժամ նրանք գտնվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում։ Ակտիվիստների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, ինչից հետո նրանք ազատ են արձակվել։ «Ազատության» հետ զրույցում բերման ենթարկվածներից Սարգիս Գևորգյանը և Դավիթ Վարդանյանը պատմեցին, որ նախապես բաժանված են եղել երեք խմբերի, որոնցից միայն մեկն է հասցրել պատկեր նկարել փողոցում, մյուս երկու խմբերը բերման են ենթարկվել անմիջապես ՀԱԿ-ի գրասենյակի դիմացից, առանց որևէ պատճառի։

«Սկզբից մեզ փորձում էին հրավիրել բաժին, բայց խոսակցության ընթացքում կապվեցին և բերման ենթարկեցին։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ իրենք ի սկզբանե գիտեին մեր երթուղին, որը մենք 20 րոպե առաջ էինք պայմանավորվել ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում ու իրենք ի սկզբանե պատրաստ էին։ Հետո որ մեզ ձերբակալեցին, ոստիկաններից մեկն ասում էր՝ «հա, հա, արդեն արեցին, բերում ենք»... այսինքն պատրաստ սպասում էին, որ մեզ ձերբակալեն»,- ասաց Վարդանյանը։

«Իրենք շատ լավ գիտեին, որ մեզ բերման ենթարկելը ուղղակի իրենց կօգնի մի հարցում՝ կառգրավեն ներկեր, տրաֆարետներ և երեք ժամով ուղղակի կխափանեն այդ ակցիան»,- ասաց Գևորգյանը։

Երիտասարդները պատմեցին, որ ամեն խմբին, ոստիկանության տարբեր բաժիններից մոտ 10-ը ոստիկան էր հսկում։ Ակտիվիստների կարծիքով՝ իրենց պարզապես գաղտնալսել են։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երիտասարդներին բերման են ենթարկել, քանի որ հասարակական վայրում օրենքով արգելված գործողություն են կատարել։ Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ակտիվիստներին գաղտնալսվել են, Մալխասյանը պատասխան չտվեց։

ՀԱԿ ակտիվիստների խոսքով՝ երեկվա ակցիան մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքի իրազեկման միջոցառումների մաս է կազմում, իսկ ոստիկանության կողմից ձեռնարկված, իրենց բնորոշմամբ, աննախադեպ միջոցառումներ ցույց են տալիս, որ իշխանությունը վախեցած է։

«Կարևոր խնդիր կար՝ թիրախ սարքել Սերժ Սարգսյանին, որովհետև այս վերջերս շատ օրակարգեր մտան, բայց Սերժի հեռացման հարցը լուսանցքում է մնում։ Մենք նպատակ ունենք նորից բերելու այն օրակարգը, որը մեզ համար հիմնական է և կարևորագույնն է»,- ասաց Դավիթ Վարդանյանը։

«Մենք խնդիր ենք դրել նաև մեկ անգամ ևս փաստել այն կարծիքը, այն իրողությունը, որ ամբողջ ժողովուրդը արդեն գիտի և բարձրաձայնում է կամ չի բարձրաձայնում՝ Սերժ Սարգսյանի՝ առնվազն պետական դավաճան լինելու հանգամանքը։ Փորձեցինք արձանագրել դա, և դրա հետևությունը մարտի 1-ի հանրահավաքից ընդառաջ թող անի Հայաստանի ժողովուրդը։ Իսկ դրա հետևությունը մեկն է՝ Սերժ Սարգսյանը իր ռեժիմի հետ պետք է հեռանա»,- հավելեց Գևորգյանը։

Այժմ 9 երիտասարդներին վարչական տույժի ենթարկելու հարցով որոշումը պետք է կայացնի Վարչական դատարանը։ Ակտիվիստներն ասում են՝ իրենց կարող են 20- 60 հազար դրամ տուգանել, մինչդեռ սա, ինչպես իրենք են ասում, իրենց չի հետաքրքրում, առաջիկայում ևս շարունակելու են նման ակցիաներ իրականացնել։
XS
SM
MD
LG