Մատչելիության հղումներ

Շիկացած երկաթով ընդդիմադիրին խոշտանգելու պնդումները դատարանը չընդունեց


Շիկացած երկաթով ընդդիմադիրին խոշտանգելու պնդումները դատարանը չընդունեց
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն հինգշաբթի մերժեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող 35-ամյա ընդդիմադիր Ֆելիքս Գևորգյանի դիմումը:

Դատարանի այսօրվա որոշմամբ, փաստորեն, չի վերացվի Հատուկ քննչական ծառայության որոշումը, ըստ որի՝ կարճվել է Գևորգյանին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ քրեական գործը: Ֆելիքս Գևորգյանի ընտանիքը վճռական է տրամադրված և պնդում է, որ եթե Հայաստանում արդարադատություն չհաստատվի, դիմելու են Եվրոպական դատարան:

Ֆելիքս Գևորգյանը կալանավորվել էր 2008 թվականի հունիսին` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու և պահելու մեղադրանքով: Ազատ էր արձակվել 2010-ին:

Դատարանի այսօրվա որոշման առիթ հանդիսացած գործի նյութերի համաձայն, 2011 թվականի սեպտեմբերին Ֆելիքս Գևորգյանին բերման էր ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժնի ավելի քան տասը աշխատակից՝ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: Ակտիվիստը պնդում է, որ ոստիկանները ստիպել են, որ իր վրա վերցնի 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանություններից մեկը: Գևորգյանը հրաժարվել է, ինչին հետևել են խոշտանգումները: Նա պնդում է, որ ոստիկաններն իր ոտքն այրել են շիկացած երկաթով: Ոտքին սպի կա:

Մարտի 1-ի կապակցությամբ մեղադրանքի ձախողումից հետո, ըստ Ֆելիքս Գևորգյանի, իրեն ներկայացվել է գողության մեղադրանք:

Խոշտանգումների վերաբերյալ պնդումներ կան նաև Ֆելիքս Գևորգյանին չորս դրվագով գողություն վերագրող և դատական ատյաններում երկրորդ շրջապտույտի մեջ գտնվող քրեական գործում: Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունը: Ըստ մեղադրանքի, Ֆելիքս Գևորգյանը 2011 թվականի մարտ-հունիս ամիսներին գողություն է կատարել տարբեր ձեռնարկություններից, այդ թվում՝ «Ընդերքի պետական լաբորատորիա», «Արաքս» ընկերություններից, մի դեպքում՝ էլեկտրական շարժիչ, մեկ այլ դեպքում՝ պղնձյա լարեր: Մեղադրող կողմը պնդում է, որ այդ գողությունների հետևանքով առկա է ավելի քան 600 հազար դրամ: Սակայն, գողության մեջ մեղադրվող Ֆելիքս Գևորգյանը մինչ օրս չի ընդունում մեղադրանքը: Նա իր նկատմամբ հետապնդումները պայմանավորում է իր քաղաքական հայացքներով և քաղաքացիական ակտիվությամբ:

Այսօր դատարանում Ֆելիքս Գևորգյանին գողության մեղադրանք ներկայացնելու գործով դատարան էին հրավիրվել տուժողներն ու մեկ վկա: Տուժող ճանաչված անձինք, սակայն, դատարանում էլ հայտնեցին, թե ասելիք չունեն: Ուշագրավ է, որ տուժող ճանաչված անձինք ևս դժգոհում են իրենց անընդհատ դատարան հրավիրելուց: Տուժող Ռաֆիկ Հասրաթյանը մանրամասն չգիտեր, թե ինչ են գողացել այն ընկերությունից, որտեղ ինքն աշխատում է։

«Արաքս» գործարանի պահպանության ծառայության պետ, տուժող Գագիկ Ավագյանն էլ ասաց՝ տեղյակ չէ, թե իրեն ինչու է թաղայինը հորդորել ներկայանալ դատարան:

1948 թվականին ծնված, այս գործով վկա, ըստ գործի նյութերի, որպես ընթերակա հանդես եկած Ժորա Գալստյանը պատմեց մանրամասներ, թե ինչու են իրեն հրավիրել ոստիկանություն։

«Ճանապարհին հանդիպեցին, բռնեցին, զոռով տարան, ստիպեցին»,- ասաց վկան։

Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Գևորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը մի շարք հակասությունների մասին հարց ուղղեց վկային։ Վկան պատասխանեց, որ իր նախաքննական ցուցմունքները գրի է առել քննիչը, նույնիսկ չի կարդացել դրանք, պարզապես ստորագրել է թղթի տակ։

Դատավորը խորհուրդներ տվեց թոշակառու ընթերակային. - «Պարոն Գասպարյան, եթե չեք ցանկանում քննչական գործողություններին մասնակցել, մի գնացեք, ինչո՞ւ եք գնում»։

Ֆելիքս Գևորգյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, թե ընթերակային փող են տվել ոստիկանության բաժնում։ Վերջինս չհերքեց, ասաց՝ «բայց մի անգամ են փող տվել, դրանից հետո էլ ոչ մի բան»։

Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 17-ին:
XS
SM
MD
LG