Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրից բռնությամբ ցուցմունք կորզած ոստիկաններին ազատազրկում է սպառնում


Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել 2008 թվականին ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանին բռնության ենթարկելու փաստի առնչությամբ:

Գևորգյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008 թվականի մարտի 1֊ի դեպքերից հետո, ապա 2010 թվականի դեկտեմբերին պատժաժամկետի մի մասը կրելուց հետո ազատ էր արձակվել:

Երեկ Գլխավոր դատաախզության տարածած հաղորդագրության համաձայն, բռնություն գործադրելու փաստի կապակցութամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները բռնության զուգորդմամբ անցնելու համար:

Ֆելիքս Գևորգյանի ընտանիքը պնդում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանը, նրա տեղակալը և Մաշտոցի բաժնի մի քանի այլ աշխատակիցներ են խոշտանգել նրան: Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն այդ ոստիկանների շարքում նշեց նաև քննիչ Վահե Ասատրյանի անունը:

Եթե հաստատվեն պնդումները, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, ապա նրանց սպառնում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով:

Իր գործով դատաքննության ժամանակ Գևորգյանը ցուցմունք է տվել, ըստ որի իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետը, տեղակալը, քննիչը և ոստիկանության մի քանի այլ աշխատակիցներ:

«Բռնություններն էլ արտահայտվել են ծեծի և շիկացած երկաթով այրելու մեջ: Այսինքն` շիկացած երկաթով ոտքը այրել են, որը նաև փորձաքննության եզրակացությամբ է հիմնավորվել, որպեսզի Ֆելիքս Գևորգյանը ցավի ազդեցության տակ ընդունի իրեն ներկայացված գողությունների դեպքերը», - հիշեցնում է Ֆելիքս Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Գևորգյանը միակ ընդդիմադիրն էր, որը մեղադրվում էր մարտի 1-ին հրազեն գործածելու մեջ: Իրավապահները, Գևորգյանին ձերբակալելով, պնդում էին, թե նա մարտի 1֊ին ցուցարարներին քաջալերելու մղումներով օդ է կրակել: Բայց այս պնդումը չէր հաստատվել: Ապա նրան առաջադրվել էր գողության մեղադրանք:

«Կողքի բաժնից ձայներ է լսել, որտեղ էլի ինչ-որ բռնություններ են եղել այլ անձանց նկատմամբ, և ասել են, որ` ահա, քո եղբայրը և քո հայրը արդեն ոստիկանության բաժնում են, ծեծում ենք... որի ազդեցության տակ էլ Ֆելիքս Գևորգյանը ընդունել է, որ կատարել է այսինչ, այսինչ վայրերից գողություններ», - մանրամասնում է նրա փաստաբանը:

4 անչափահաս երեխաների հայր, 34֊ամյա Ֆելիքս Գևորգյանն այսօր «Ազատություն» ռադիոկայնաի հետ կարճ զրույցում ցույց տվեց աջ ծնկից ներքև գտնվող սպին: Նրա պնդմամբ՝ դա տաքացրած երկաթով ոտքն այրելու ապացույցն է:

Ֆելիքս Գևորգյանը դատարանում չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նախքան արդարացման դատավճիռը նա դիմել էր «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ իրեն վաղաժամկետ ազատ չարձակելու խնդրանքով: Գևորգյանն իր այդ քայլը հիմնավորել էր պնդմամբ, որ իր նկատմամբ ներկայացվել է շինծու մեղադրանք, իրեն մեղավոր չի ճանաչում, և ակնկալում է արդարացման դատավճիռ: Նա վկայել էր, որ 2008 թվականին ոստիկանությունում իրեն առաջարկել են ցուցմունք տալ հոր դեմ՝ իրեն ազատելու պայմանով: Ֆելիքս Գևորգյանը, սակայն, հրաժարվել է նման ցուցմունքից: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ուշադրության կենտրոնում գտնվելու հետևանքով Գևորգյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաև 2011 թվականին՝ գողության կասկածանքով և նա կալանավորվել էր, սակայն 2012 թվականի ապրիլի 28-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր Գևորգյանին և ճանաչել անպարտ: Այս գործի քննության ժամանակ Վերաքննիչ դատարանն է դատախազություն ուղարկել խոշտանգման վերաբերյալ փաստերը:

Ֆելիքս Գևորգյանի հայրը Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի գրասենյակի ղեկավար Պետրոս Գևորգյանն է: Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները պնդում են, որ Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ քաղաքական բանտարկություն և քաղաքական հալածանք է կիրառվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG