Մատչելիության հղումներ

«Ճանապարհային քարտեզում» ամրագրված պահանջները հակասում են Սահմանադրությանը. իրավաբան


«Ճանապարհային քարտեզում» ամրագրված պահանջները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Մաքսային միության «ճանապարհային քարտեզում» ամրագրված պահանջները հակասում են Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, որովհետև այդ պահանջների կատարման դեպքում Հանրապետության տնտեսական բնագավառին առնչվող որոշումները կայացնելու են ոչ թե Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված իշխանության մարմինները, այլ մեր Սահմանադրությունից դուրս գործող Մաքսային միության ղեկավար մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որի որոշումները, համաձայն իր կանոնադրության, պարտադիր են կատարման համար՝ Մաքսային միության անդամ-երկրների տարածքներում:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց, «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավաբան Արտակ Զեյնալյանը:

«Եթե ուղղակիորեն այդ մարմնի ընդունած որոշումները պիտի կատարեն ինչ-որ վարչության պետեր կամ մաքսավորներ, դրանք իրավաբանական հիմք չունեցող փաստաթղթեր են Հայաստանում», - ասում է իրավաբանը, - «Դա կարող է կատարվել բացառապես եթե դրան համապատասխան, դրա բովանդակությունը վերարտադրող իրավական ակտեր ընդունվեն Հայաստանում: Չի կարող ուղղակի մաքսավորը վերցնել ու առաջնորդվել դրա դրույթներով»:

Արտակ Զեյնալյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մաքսային միությունում պաշտոնական լեզուն ռուսերենն է: Այսինքն՝ պաշտոնական որոշումները կայացվում են, կատարվում են, պաշտոնական ընթացակարգերը, փաստաթղթաշրջանառությունը ընթանում է ռուսերենով, որը նույնպես Հայաստանի Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարում է, որովհետև մեր Սահմանադրությամբ Հայաստանում պաշտոնական լեզուն միայն հայերենն է:

«Եթե դուրս ինչ-որ բան պիտի ուղարկվի, ապա այդտեղ հայերենից բացի կարող է լինել, ասենք, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, և դրանց շարքում` հերթական լեզուներից մեկը` ռուսերեն: Բայց ոչ ուղղակիորեն ռուսերենով: Եթե այլ կերպ լինի, ապա դա կլինի հակասող Հայաստանի սահմանադրությանը, հետևաբար` Հայաստանի ժողովրդի կամքին, հետևաբար` դա ապօրինի է», - ասում է Զեյնալյանը:
XS
SM
MD
LG