Մատչելիության հղումներ

Հայաստանը Եվրոպային ներդրումներ անելու կոչ է անում


Հայաստանը Եվրոպային ներդրումներ անելու կոչ է անում՝ վստահեցնելով, որ ԱՊՀ երկրների հետ համագործակցելու ամենադյուրին ճանապարհը հենց Հայաստանով է անցնում։

Ուրբաթ օրը Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարությունում մեկնարկել է հայ-չեխական գործարար համաժողովը, որին ներկա են եղել Հայաստանի և Չեխիայի նախագահները։ Իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծել գործարարության համար՝ նկատի ունենալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը: Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ ռուսական դաշինքին միանալով Հայաստանը միանում է 200 միլիոնանոց շուկային:

«Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների, Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առևտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ»,- ասել է նա։

Իր ելույթում միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը շտապել է չեխ գործարարներին զգուշացնել, որ Հայաստանում կան նաև ոչ պարկեշտ և անազնիվ մարդիկ, սակայն Հայաստանը իր վրա կվերցնի չեխական ներդրումների հանդեպ ուշադիր լինելու պարտավորությունը։ Այնուհետև խոսելով չեխական ապրանքատեսակներից՝ Սարգսյանը մատնանշել է չեխական գարեջուրը և նկատել, որ մեկ գործարանը քիչ է Հայաստանի համար, և ցանկալի է, որ դրանք ավելանան։

Բավական մարդաշատ այս համաժողովին Հայաստանից մասնակցում է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 22 ընկերություն՝ տուրիզմ, շինարարություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերական քիմիա, ոսկերչություն, անվտանգության համակարգեր, դեղագործություն և այլն։

Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, աճել է 28.8 տոկոսով։ Ներկայումս Հայաստանում գործում են չեխական կապիտալով շուրջ երկու տասնյակ ոչ խոշոր ընկերություններ։

Իրականում Հայաստանը չեխ գործարարների համար կարող է ներդրումների համար հետաքրքիր լինել, սակայն ոչ իր չափսերով, «Ազատության» հետ զրույցում ասաց Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆրանտիշեկ Մասոպուստը՝ հավելելով, որ այդուամենայնիվ շուրջ իննսուն ընկերությունների ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել այս համաժողովի միջոցով ծանոթանալ Հայաստանի գործարար միջավայրին։

Չեխիայի նախագահը խոստանում է գործարար միջավայրի զարգացմանն ուղղված իրավական դաշտը ապահովումը, ինչպես գործարարների նկատմամբ պետական աջակցությունը՝ մասնավորապես, վիզային ռեժիմի դյուրացում, հարկեր և այլն։ Հայտարարվել է նաև, որ կկազմակերպվի հայ-չեխական մեկ ընդլայնված նիստ, որի շրջանակներում երկու երկրները կքննարկեն գործարար համագործակցության հարցերը և կփորձեն լուծում տալ այն խնդիրներին, որոնք կարող ենք խոչընդոտ հանդիսանալ հետագա համագործակցության համար։

«Դա լավ կլինի թե չեխական, և թե հայկական կողմի համար»,- նշեց Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրենը։
XS
SM
MD
LG