Մատչելիության հղումներ

ՍԴ-ի որոշումը նոր խնդիրներ է առաջացրել գործատու-աշխատող հարաբերություններում


ՍԴ-ի որոշումը նոր խնդիրներ է առաջացրել գործատու-աշխատող հարաբերություններում
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Սահմանադրական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես և մասնակիորեն կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործողությունը, նոր խնդիրներ է առաջացրել գործատու-աշխատող հարաբերություններում:

Դատական այս ատյանի որոշումը ոչ մի կերպ չի ազատում հաշվապահին աշխատավարձերից պահումներ կատարելու պատասխանատվությունից: Պարզապես պարտադիր կուտակային կենսաթոշակի համար նախատեսված ամսեկան պահումներ չկատարելու դեպքում հաշվապահը տուգանքների չի ենթարկվի: Ու հիմա հաշվապահներն ու աշխատողները անհասկանալի վիճակում եմ հայտնվել. մի կողմից աշխատողները չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձերից պահումներ արվեն, քանի ՍԴ-ն իր վերջնական որոշումը չի հրապարակել, մյուս կողմից հաշվապահները հարց են բարձրացնում՝ ինչպես վարել հաշվապահությունը՝ խուսափելով սխալներից և վարչական պատասխանատվությունից:

X-art ընկերության հաշվապահ Լուսինե Վատյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ հաշվապահության մեջ կան հնարքներ՝ համաձայն որոնց հաշվապահը կարող է և՛ մաքուր հաշվապահություն ներկայացնել, անգամ եթե հաշվետվության ձևում առկա է պարտադիր կուտակային դաշտը, և՛ չկատարել աշխատողների պարտադիր կուտակայինների վճարումները, հատկապես, որ մինչև օրս ՊԵԿ-ի պաշտոնական էջում չի տեղադրվել հաշվետվության ձևը:

«Հարկայինը դեռևս չի հրապարակել հաշվետվության ձևը, թե ինչպես է կատարվելու հաշվարկի ներկայացումը։ Ամեն դեպքում կարծում եմ՝ ովքեր պարտադիր կուտակայինի տակ են մտնում, իրենց առումով այդ պարտադիր մասը ավտոմատ հաշվարկվելու է»,- ասաց Վատյանը։

Վատյանը հասկանում է, որ հաշվապահները հիմա կանգնած են աշխատավարձից պահել-չպահելու, վճարել-չվճարել երկընտրանքի առջև: Որպես հաշվապահ՝ նա կոչ է անում բոլոր իր գործընկերներին գոնե այս փուլում չվճարել, քանի դեռ սահմանադրորեն այդ իրավունքը ունեն: X-art-ում, օրինակ, աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն արվելու։ Վատյանը վստահեցնում է, որ բոլոր հաշվապահներն այսօր այդ հնարավորությունը ունեն:

«Հաշվապահության տեսանկյունից դա կդիտվի որպես կանխավճար աշխատողին, այսինքն կփոխանցվի ամբողջ աշխատավարձը, իսկ այդ 5 տոկոսները, կոպիտ ասած, որպես կանխավճար է ձևակերպվելու։ Թե հետ ՍԴ-ն ինչ որոշի, ընթացքից արդեն կերևա, թե մենք հաշվապահական ձևակերպումները ինչպես կիրականացնենք»,- ասաց նա։

Թեև ՊԵԿ-ն իր պաշտոնական էջում հաշվետվության ձև չի ներկայացրել, այդուհանդերձ, լրահոսում արդեն տեղեկություն կա այն մասին, որ որոշ ընկերություններ ճնշումների են ենթարկվում ՊԵԿ-ի կողմից: Այս կառույցից մեզ խոստացել էին պարզաբանումներ տալ, սակայն օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները ևս այսօր բարձրաձայնում էին ճնշումների մասին, ասում էին՝ որոշ ընկերությունների, մասնավորապես, պետական կառույցների աշխատողների ստիպում են ընտրել ֆոնդեր՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ասում է՝ իրենք պատրաստ են աջակցել յուրաքանչյուր աշխատողի։

«Խորհուրդ ենք տալիս ֆեոդալական մշակույթի կրողներին մի պահ ուշքի գալ և հասկանալ, որ իրենք ապրում են 21-րդ դարում, և այդ մշակույթին հարիր քայլերը այլևս տեղ չունեն 21-րդ դարում։ Մենք դա թույլ չենք տալու, և կանգնելու ենք յուրաքանչյուր աշխատակցի կողքին, ով ճնշված է»,- ասաց Մանուկյանը։

Այսօր արդեն «Դեմ ենք պարտադիրին» ֆեյսբուքյան էջի օգտատերերը գրառումներ էին թողնում այն մասին, որ հունվար ամսվա աշխատավարձերից արդեն պահումներ են արվել: Նախաձեռնությունը հորդորում է այս մարդկանց դիմում-պահանջ ներկայացնել գործատուներին՝ պահանջելով չկատարել պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները: Իսկ եթե գործատուն, այդուհանդերձ, շարունակի պահել աշխատավարձից, ապա, ըստ նախաձեռնության իրավաբանների, աշխատողները իրավունք ունեն դիմել դատարան:

Հաշվի առնելով հենց այս հանգամանքները, որ գործատուները պահումներ են անում աշխատողների աշխատավարձերից, աշխատակիցներին պարտադրում են ֆոնդեր ընտրել, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ՍԴ մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:
XS
SM
MD
LG