Մատչելիության հղումներ

ՊՆ-ն պնդում է, որ ընտրվել է շրջանցիկ ճանապարհի ամենաանվտանգ տարբերակը


ՊՆ-ն պնդում է, որ ընտրվել է շրջանցիկ ճանապարհի ամենաանվտանգ տարբերակը
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00
Տավուշի մարզում գալիք հունիսին շահագործման կհանձնվի սահմանամերձ Վազաշեն-Պառավաքար ռազմավարական ճանապարհը շրջանցող նոր ճանապարհը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի պնդմամբ, կառուցվող ճանապարհն առաջարկված տարբերակներից ամենաճիշտն է` բոլոր առումներով:

«Պաշտպանության նախարարությունը և իրավասու մյուս գերատեսչությունները այս առումով չեն կարող թերացումներ թույլ տալ, որովհետև անմիջականորեն առնչվելու է մեր ժողովրդի անվտանգությանը: Այնպես որ, ես ձեզ հորդորում եմ որևէ կասկած չունենալ այս առումով: Ճանապարհը, չեմ կարող երաշխավորել հարյուր տոկոսանոց անվտանգություն, բայց լինելու է ամենաանվտանգը, որ մինչև այս գործել է», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը:

Ադրբեջանի կողմից գնդակոծությունների ենթարկված Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը փակ է անցած հոկտեմբերի 22-ից։ Կառավարությունը 460 միլիոն դրամ է նախատեսել ավելի քան 3 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման համար։ Շինարարական աշխատանքներն ընթանում են, ու եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչեւ հունիս հնարավոր է շահագործման հանձնել ճանապարհը։

Տրանսպորտի նախարարության Տրանսպորտի ծրագրերի գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը ևս միանում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե այն անվտանգ է լինելու 205 մետր երկարությամբ ձգվող 2-5 մետր բարձրությամբ պատնեշների, մետաղական արգելափակոցի շնորհիվ։

Պաշտպանության նախարարության զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը վստահեցնում է, որ կառուցվող ճանապարհը թշնամու համար անտեսանելի է, թեեւ սահմանին մոտ է:

Անցած նոյեմբերին, մինչդեռ, Բերդի տարածաշրջանի 15 համայքնների ղեկավարներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած նամակում իրենց մտահոգությունն էին հայտնել նոր կառուցվող ճանապարհի վերաբերյալ՝ առաջարկելով, իրենց կարծիքով, առավել անվտանգ տարբերակ։ Նրանք մատնացույց էին արել սահմանից բավականին հեռու Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը, որը նորոգելուց հետո կարող էր ծառայել մարզին որպես ամենաանվտանգ ուղի։

Ազատության» հետ զրույցում Բերդի համայնքների միության ներկայացուցիչ Սամվել Հովսեփյանն ասաց, որ համայնքները ոչ թե դեմ են նոր կառուցվող ճանապարհին, այլ պարզապես մատնացույց էին արել սահմանից բավականին հեռու Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը։ Սա տավուշցիների առաջարկված այլընտրանքային ճանապարհն է, որը նորոգելուց հետո, ինչպես համայնքապետերն են կարծում, կարող էր ծառայել մարզին որպես ամենաանվտանգ տարբերակ։

Հովսեփյանը շեշտում է, որ թշնամու հարձակման դեպքում նոր ճանապարհը կարող է թիրախ դառնալ. - «Հին ճանապարհից ընդամենը մի քիչ է շեղվում: Ուղղակի այնտեղից ուղիղ տեսանելիություն չկա»:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ կառուցվող ճանապարհն ամենաանվտանգն է, համայնքապետերը դա ընդունել են, և հերքեց այն լուրերը, թե ինքը անձնական շահագրգռվածություն ունի, քանի որ կառուցվող ճանապարհին ինքը իբր գազալցակայաններ ունի:

Չնայած Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը փակ է արդեն մի քանի ամիս, տավուշցիները չեն դադարում երթևեկել դրանով` իրենց առաջարկված այլընտրանքային երկու ճանապարհների անհարմարության պատճառով։ Դրանցից մեկը Բերդ-Ճամբարակ ճանապարհն է, որը ձմռան ամիսներին անանցանելի է դառնում, բացի այդ, գնդակոծության թիրախ կարող է դառնալ։ Մյուսը սահմանից բավականին հեռու, բայց վատ, անհարմար համարվող Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհն է, որի հետ համայնքապետերը հույս են կապում։

Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչն ասում է, որ համայնքապետերի առաջարկի վերաբերյալ դեռևս ծրագիր չունեն, իսկ ընտրված տարբերակը լավագույնն է։

Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանն ասում է, որ բազմիցս հորդորել են մարդկանց չօգտվել գնդակոծության տակ գտնվող փակ Վազաշեն-Պառավաքար ճանապարհից, բայց և չեն կարող արգելել այդ ուղին ընտրողներին, չնայած Պաշտպանության նախարարությունը սահմանած հսկողությանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ևս համակարծիք է նրա հետ. - «Այստեղ պատասխանատվության խնդիր չէ: Ցանկացած կորուստ մեզ համար ծանր է, և մենք ձեռքներս չենք լվանում, թե` դուք ինքներդ որոշում կայացրեցիք, գնացիք զոհվեցիք: Ոչ, այդպիսի մոտեցում չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG