Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվիստները դրական ակնկալիքներ չունեն խորհրդարանից


Քաղաքացիական ակտիվիստները բողոքում են գազային համաձայնագրի դեմ, 20-ը դեկտեմբերի, 2013
Քաղաքացիական ակտիվիստները բողոքում են գազային համաձայնագրի դեմ, 20-ը դեկտեմբերի, 2013
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը մեկն է այն անձանցից, ով երեկ Ազգային ժողովի դիմաց պայքարում էր ընդդեմ խորհրդարանում քննարկվող գազային համաձայնագրերի: Ակտիվիստը խայտառակություն է որակում այն փաստը, որ նման փաստաթղթերն ընդհանրապես քննարկման են դրվել:

«Արդեն ակնհայտ, դե յուրե գաղութացման ընթացք է սա։ Բացարձակ արհամարհելով Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ-ի օրենքները, մի այլ պետություն կարող է անել մեր երկրում ինչ ուզում է, պետական ռազմավարական նշանակություն ունեցող ցանցի հետ. կարող է վերցնել և այդ ցանցը վաճառել Ադրբեջանին իր իսկ հայեցողությամբ՝ համաձայն տվյալ պայմանագրի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Հիշեցնենք, ուրբաթ օրը խորհրդարանը քննարկեց, բայց քվորումի բացակայության պատճառով չքվեարկեց գազային երեք համաձայնագրերից ամենավիճահարույցի` «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցը: Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները բացասական որակումներ տվեցին այս պայմանագրին՝ «ստորացուցիչ», «ստրկացնող» անվանելով այն։ Ազգային ժողովի արտահերթ նիստը ուղեկցվում էր դրսում հավաքված մարդկանց բողոքի ակցիայով, ովքեր լուրջ վտանգ են տեսնում այս համաձայնագրի վավերացման մեջ։

Թե ինչու է երկրի համար լրջագույն հարցը փողոց չի հանում ավելի շատ մարդկանց, Գևորգ Սաֆարյանն ասում է, որ մարդիկ տեղեկացված չեն, թե որքան կարևոր համաձայնագրեր են քննարկվում խորհրդարանում:

«Եթե տեղեկացվեն, նրանց թիվը, կարծում եմ, ավելի մեծ կլինի։ Երկրորդն էլ, մեր երկրում մի քիչ մարդկանց ակտիվացնելը այդքան էլ հեշտ չէ՝ մանավանդ այս ամանորյա աժիոտաժի մեջ»,- ասաց ակտիվիստը՝ հավելելով, որ երկուշաբթի, երբ քվեարկության կդրվեն վիճահարույց գազային համաձայնագրերը, որևէ դրական ակնկալիք չունի խորհրդարանից.- «Բայց կախված նրանից, թե հանրությունը ինչպես կճնշի պետական մարմիններին, նրանք կարող են հրաժարվել դավաճանական նման քայլերից։ Բայց ես քիչ հույս ունեմ»։

Քանի որ երեկ քվեարկություն չեղավ, ակտիվիստը հնարավոր է համարում, որ իշխող Հանրապետական կուսակցությունը սկսել է վախենալ սեփական ժողովրդից:

«Ժողովրդին թալանել՝ աշխատավարձերից 6.6 տոկոս վերցնելով, գազի, էլեկտրաէներգիայի գինը բարձրարցնելով և արդեն ակնհայտորեն պետականությունը զիջել այլ պետությանը, կամ ինչ-որ այլ կազմակերպության... երևի թե մի քիչ էլ վախենում են, որ ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել»,- ասաց ակտիվիստը։

«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը շարունակում է պնդել, որ գազային համաձայնագրերի փաթեթի վավերացումով երկիրը կապիտուլիացիայի է ենթարկվում:

«Կարծում եմ, որ երեկվա մի քանի հանգամանքներ՝ և ոստիկանության անսպասելի մեղմությունը, և շատերի համար անսպասելի «Բարգավաճների» «թռփոշությունը» բացատրում է նրանով, որ Հանրապետական կուսակցության նախագահը, ով իրեն նաև համարում է հանրապետության նախագահը փորձում է ինչ-որ ուղերձներ տալ՝ և արևմուտք, և հյուսիս, և նաև ժողովրդին, որ նա իրականում այդքան էլ միանշանակ չի վերաբերվում դրան»,- ասաց Խզմալյանը։

Ինչ վերաբերում է պայքարողների փոքրաթիվ լինելուն, ապա Խզմալյանը կարծում է, որ պայքարող հատվածը հանրության շրջանում տարիների ընթացքում նվազել է:

«Բացի այդ մենք ենք մեղավոր։ Առաջնորդները առայսօր դեռևս չեն կարողանում համոզիչ կերպով ձևակերպել խնդիրները»,- ասաց նա։

Երկուշաբթի օրը Խզմալյանը ևս որևէ լավ բան չի ակնկալում խորհրդարանից.- «Անգամ եթե չհաստատի, այլ անորոշ ժամանակով հետաձգի, դա ոչինչ չի նշանակում, որովհետև այս Ազգային ժողովը այլևս ոչ մի բան որոշել չի կարող, այս իշխանության ներսում չկան ոչ մի ռեսուրսներ իրավիճակը փոփոխելու»։

Քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ ասում է, որ երկուշաբթի օրը խորհրդարանի վրա հանրության ճնշումները պետք էլ ավելի ուժեղ լինեն, որպեսզի օրենսդիրները ոչ թե վերանայեն, այլ կասեցնեն համաձայնագրերի վավերացումը:
XS
SM
MD
LG