Մատչելիության հղումներ

«Դեռ քանի սերունդ կապրի անմատչելի միջավայրում»


«Դեռ քանի սերունդ կապրի անմատչելի միջավայրում»
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

«Դեռ քանի սերունդ կապրի անմատչելի միջավայրում»

Սուրեն Օհանյանի համար Երևանում ամենահարմար և մատչելի վայրը թերևս իր գրասենյակն է, որտեղ կա ընդունված չափանիշներին համապատասխան թեքահարթակ:

Այլ թեքահարթակներից օգտվելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ դրանք հաճախ այնքան թեք են, որ նույնիսկ հաշմանդամություն չունեցող անձինք չեն համարձակվում օգտվել դրանցից:

«Դեռ քանի սերունդ պետք է ապրի անմատչելի միջավայրում, մինչև Երևանը կդառնա մատչելի ու կասենք, որ, այո՛, մենք ապրում ենք մատչելի քաղաքում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Փարոս» հկ-ի նախագահ Սուրեն Օհանյանը:

Թեքահարթակների որակի բարելավման ուղղությամբ դրական քայլեր նկատվում են, նշում է Օհանյանը, դրանց թվում՝ վերջին տարվա ընթացքում հաշմանդամների պահանջներին հարմարեցված մայթերը, սակայն մայթի հարմարեցումը, զրուցակիցս ազատ տեղաշարժի բավարար նախապայման չի համարում:

«Ենթադրենք փողոցները հարմար են, ո՞ւր կարող եմ գնալ ես այդ փողոցով: Կարո՞ղ եմ մտնել սրճարան, ռեստորան, հյուրանոց կամ այլ վայրեր», - նշեց Սուրեն Օհանյանը:

Մատչելի Երևան ստեղծելու համար այս տարի մարտի 6-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի գործունեության ծրագիր, որով նախատեսվում էր 20 միլիոն դրամ հատկացնել քաղաքային նշանակության օբյեկտներում սակավաշարժ խմբերի համար 196 թեքահարթակ կառուցել: Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք ևս 81 թեքահարթակների մասին, որոնք արդեն կառուցվել են՝ դարձյալ 20 միլիոն դրամ ֆինանսավորմամբ:

Երևանի քաղաքապետարան ուղարկած մեր հարցումներին սակայն կամ պատասխան չէինք ստանում, կամ ստանում էինք հակասական պատասխաններ․ մի դեպքում նշում են, թե կառուցվել է 267 թեքահարթակ, մյուսում՝ 293-ը, երկու դեպքում էլ խոսքը վերաբերում էր այս տարի հիմնանորոգված փողոոցներում կառուցված թեքահարթակներին:

Մեզ հետաքրքրող ծրագրերի շրջանակներում կառուցված, ընդհանուր առմամբ 40 միլիոն դրամ արժողությամբ թեքահարթակների մասին որևէ տեղեկություն այդպես էլ չստացանք:

Ենթադրաբար այս տարի հարմարեցված փողոցների, կառուցված թեքահարթակների կադրերը դիտելիս Օհանյանն ասաց, որ դրանք շինարարական մեծ ջանքեր ու ծախսեր չեն պահանջել․ - «Այդտեղ շատ մեծ աշխատանքներ չկան արված, ընդամենը քարը հանել են արանքից և հարթեցրել են ճանապարհի հետ»:

Հաշմանդամների հիմնահարցերով նույն հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագրով 25 միլիոն դրամ էլ տրամադրվել էր այս տարվա ընթացքում քաղաքային 10 ավտոբուսների վրա թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ տեղադրելու համար:

2013 թվականն ավարտվում է, հարմարեցված որևէ ավտոբուս, սակայն, մինչ այժմ չկա, սա հաստատեց նաև քաղաքապետարանը: 25 միլիոն դրամը փաստորեն ոչ ծախսվել է, ոչ էլ քաղաքային բյուջե է վերադարձվել:

«Եթե քաղաքապետը իր գրությամբ գումարներ է հատկացրել հաշմանդամների համար որոշակի ծրագրեր իրականացնելու համար, և եթե այդ գումարները չեն ծախսվում, բնականաբար, պետք է վերադարձվեին քաղաքի բյուջե: Ձեր ասած ծրագրի վերաբերյալ Երևանի ավագանու նիստում որևէ անդրադարձ չի եղել, որ դա չկատարված ծրագիր է և գումարները վերադարձվել են: Այսինքն, եթե այդ ծրագիրը չի իրականացվել և դրա համար հատկացվել են գումարներ, դա նշանակում է, որ մենք գործ ունենք չկատարված ծրագրի և մսխված գումարների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG