Մատչելիության հղումներ

Նախագահը վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումը դրական է գնահատում


Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին պատասխանելիս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին՝ իր դրական վերաբերմունքը արտահայտելով դրանց նկատմամբ։

«Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն չորս խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է»,- ասել է Սարգսյանը։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ պարտադիր կուտակային համակարգի շուրջ կարծիքները կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների։

«Եվ քաղաքականում, և մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից»,- ասել է երկրի նախագահը։

Որպեսզի ապագա պաշտոնյաները ներողություն խնդրելու կարիք չունենան, ապա, ըստ նախագահի, այս խնդիրը այսօր պետք է լուծվի։

«Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է նախագահը:
XS
SM
MD
LG