Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային նոր համակարգի շուրջ պատգամավորների առաջարկը քվեարկության կդրվի վաղը


Կենսաթոշակային նոր համակարգի շուրջ պատգամավորների առաջարկը քվեարկության կդրվի վաղը
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Կենսաթոշակային նոր` կուտակային համակարգի ներդրման օրինագծի շուրջ 49 պատգամավորների («Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՀՅԴ խմբակցություններից) առաջարկը, որը վերաբերում է համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելուն և պարտադիր բաղադրիչը վերացնելուն, Ազգային ժողովում քվեարկության կդրվի վաղը:

Մինչ Ազգային ժողովում շարունակվում էին հարցի շուրջ քննարկումները` խորհրդարանի շենքի մոտ կրկին ընթանում էր նոր համակարգին ընդդիմացող քաղաքացիների բողոքի ցույցը, որը շատ ավելի բազմամարդ էր, քան երեկ:

Քննարկումների ավարտին ցուցարարներին մոտեցած պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) նախ շնորհակալություն հայտնեց նրանց տվյալ խնդրի շուրջը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին համախմբելու համար. - «Դուք միացրել եք այսօր չորս քաղաքական ուժերի, որոնք ունեն լիքը պրոբլեմներ իրար նկատմամբ, բայց այս ակցիայի ժամանակ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ»-ը, «Ժառանգություն»-ը, Դաշնակցությունը միակամ են, միաձայն են և հենց այս պահին նստած խորհրդակցում են հաջորդ քայլերի հերթականությունը: Եվ դա միայն ձեր շնորհիվ է: Ապրե’ք»:

Մանուկյանը ցուցարարներին հորդորեց վաղը` քվեարկության օրը, նույնպես հավաքվել խորհրդարանի մոտ և, անկախ արձանագրվելիք արդյունքից, շարունակել պայքարը, քանի որ, Մանուկյանի ձևակերպմամբ` ընդդիմադիր պատգամավորները շենքի ներսում իրենց ավելի վստահ են զգում, երբ դրսում բողոքում է ժողովուրդը:

«Ազատության» հետ զրույցում, սակայն, Մանուկյանն ասաց. - «Լավատես չեմ: Որովհետև այսօրվա իրենց ելույթներում որևէ մեկի ելույթի մեջ կոնստրուկտիվ, ընդառաջ գալու անգամ միտում չեմ զգացել»:

Արձանգանքելով տьղեկությանը, թե հնարավորություն կա ՀՀԿ-ական պատգամավորների հետ հանդիպել ու ներկայացնել իրենց փաստարկները` ակտիվիստներից մեկը, արտահայտելով ցուցարարների մեծամասնության կարծիքը, ասաց. - «Ի՞նչ բանակցության մասին է խոսքը: Ես գնամ համաձայնե՞մ, որ հակասահմանադրական երեք կետերից երկուսը հանում են, մեկը մնում է. դրա՞ն գնամ համաձայնեմ: Բանակցությունների իմաստը, առաջին, այն է, որ իրենք սպառնում են, որ վաղը բոյկոտելու են [քվեարկությունը]»:

Բողոքի ակցիայի ավարտին ցուցարարները երթով գնացին դեպի նախագահի նստավայր` հանձնելով Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակ: Նամակի հեղինակներն ակնկալում են, որ երկրի նախագահը սահմանված ժամկետում կպատասխանի իրենց`շեշտելով, որ բացասական պատասխանն իրենց չի հուսահատեցնի, և պայքարը կտեղափոխեն ավելի կոշտ հարթություն:

«Անձամբ ես էլ չեմ պատրաստվում գալ-կանգնել Ազգային ժողովի դիմաց ու խնդրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստներից Սևակ Ծատուրյանը: - «Կդիմեմ ավելի կոշտ քայլերի: Ես կվերցնեմ արձակուրդ, կնստեմ տանը, չեմ վճարի այն հարկերը, որ մինչև այսօր վճարում էի: Համոզված եմ, որ ինձ կմիանան մնացած բոլորը, ովքեր դեմ են այս օրենքին»:
XS
SM
MD
LG