Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն ընդունել է Ինջիղուլյանի հարազատներին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր ընդունել է երեք ամսից ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ազատ արձակելու և հայրենիք վերադարձնելու համար:

Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարություն Ինջիղուլյանը Վեհափառի հետ հանդիպումից անմիջապես հետո «Ազատության» հետ զրույցում նշեց, որ կաթողիկոսի խնդրանքով կովկասի մուսուլմանների առաջնորդ Փարշազադեն այցելել է Հակոբին, ինչից հետո Վեհափառին տեղեկացրել է, որ գերության մեջ գտնվող հայ զինծառայողի առողջական վիճակը լավ է, խնդիրներ չունի։ Ինչպես Վեհափառը տեղեկացրել է այսօրվա հանդիպման ժամանակ, Հակոբին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Փարշազադեն որևէ գործնական քայլ չի ձեռնարկել։

«Վեհափառին խնդրեցի, որ ինչ որ քայլեր ձեռնարկի, թեկուզ մասամբ հարցին լուծում տալու համար, նա ասաց, որ դրանից ավել քայլեր կարող է կատարել, բայց արդյունք չի ունենա, որովհետև Ադրբեջանի թե՛ ղեկավարությունը, թե՛ հոգևոր կողմը ոչ մի քայլ, կամ ոչ մի խնդրանք չեն կատարի»,- փոխանցեց Հարություն Ինջիղուլյանը։

Կաթողիկոսի խոսքով, Փարշազադեն նաև ասել է, թե Ինջիղուլյանը գերադասում է երրորդ երկիր տեղափոխվել։ Այս մասին տեղեկացնում էր նաև «Կարմի խաչը» Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպումից հետո։ Հարազատները, մինչդեռ, վստահ են, որ այս ցանկությունն Ինջիղուլյանը հայտնում է Ադրբեջանի պարտադրանքով։

«Համոզված եմ եղբայրս իր մեջ կմտածի գնամ Հայաստան դատվեմ, քան գնամ երրորդ երկիր ազատ ապրեմ ու վստահ եմ, որ նրան թույլ չեն տալիս, որ նա ընտրի իր կամքով»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը։

Հարազատները վստահ են՝ խնդիրն ավելի արագ կլուծվեր, եթե Ադրբերջանը չխոչընդոտեր։


Գերեվարված հայ զինվորի հարազատները լավատես են։ Վստահ են, որ Հայաստանի իշխանության և միջազգային կառույցների համատեղ ջանքերով Հակոբ Ինջիղուլյանն, ի վերջո, տուն կվերադառնա։

Հիշեցնենք, Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգոստոսի 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG