Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը նոր քայլեր են մշակում կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ


Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման դեմ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը նոր քայլեր են մշակում. քննարկում են ինչպես դրա կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու, այնպես էլ սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու կամ էլ օրենքի սահմանադրականությունը բարձր դատարանում՝ ՍԴ-ում քննարկելու տարբերակները։

Նոր համակարգի ներդրումը հունվարի 1-ից հետաձգելու հարցով ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու նրանց առաջին փորձն անցած ուրբաթ տապալվեց, բայց ընդդիմադիրները թևաթափ չեն եղել։

«Մենք կարող ենք ուղղակի անտեսել և նորից ներկայացնել արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով կարծում է, թե կենսաթոշակային ֆոնդին վճարելը նշանակում է կոռուպցիայի ծաղկմանը մասնակցել։

Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանն ասաց՝ կենսաթոշակային պարտադիր վճարի դեմ արտահայտվողների առաջարկներն են արտահերթում ներկայացնելու, վստահեցրեց, թե չեն ցանկանում հարցը քաղաքականացնել և դրանից դիվիդենտներ շահել։

«Իրականում շատ կարևոր է, որ մեր համախմբված աշխատանքը պառլամենտում զուգորդվի ժողովրդի ակտիվ մասնակցությամբ դրսում։ Այ սրանից են իշխանությունները ամենաշատը վախենում և սա է նրանցից զիջումներ կորզելու բանալին»,- ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը կարծում է՝ շոկային թերապիա չի կարող նախաձեռնել մի կառավարություն, որին ժողովուրդը չի վստահում։

«Լեհաստանի Մազովեցկու կառավարությունը 1990-ական թվականներին առաջին շոկային թերապիայի ռեֆորմը անցկացրեց Լեհաստանում։ Բոլորի համար ցավոտ էր, բայց քանի որ վստահում էին, ի վերջո այդ ռեֆորմը իրականացվեց, և լեհերը այդ ռեֆորմի պտուղները ստացան։ Այս կառավարությանը ոչ ոք չի վստահում»,- ասաց Զուրաբյանը։

Սոցապ նախկին նախարար, Դաշնակցական Աղվան Վարդանյանն ասաց՝ կառավարությունը խոհեմ պետք է գտնվի, ևս մեկ անգամ խնդիրը քննարկելու հնարավորություն տա. աշխատավարձը հաջորդ տարվա հուլիսի 1-ից է բարձրացնում, բայց մարդկանց նոր գլխացավանք է պարգևում։

«Եթե ոչինչ չփոխվի, Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները հունվարին ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան թե ստացել են դեկտեմբերին։ Նման բան ես չեմ հիշում մեր պետության պատմության մեջ»,- ասաց Վարդանյանը։

Եթե կառավարությունը փոխզիջման չգնա, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով, հասարակության ծայրահեղ քայլ պետք է առաջարկվի.- «Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին յուրաքանչյուրը իր աշխատանքի վայրում սկսի ձևավորել աշխատանքային խմբեր, որպեսզի համընդհանուր ազգային գործադուլ կազմակերպենք»։

Խորհրդարանի ոչ իշխանական ամենամեծ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը» ևս ՀԱԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության հետ դեմ է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը։ Էլինար Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ընդդիմադիր գործընկերների հետ քննարկում են ձեռնարկելիք քայլերը, ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել։

Անցած շաբաթ արտահերթ նիստի գումարումը տապալած խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության ծրագրերը լսեց և ասաց.- «Դրան մենք մասնակից չենք դառնա»։
XS
SM
MD
LG