Մատչելիության հղումներ

Խորհրդարանի արտահերթ նիստը տապալվեց


Ազգային ժողովի նիստերի դահլիճը այսօր
Ազգային ժողովի նիստերի դահլիճը այսօր

Ոչ իշխանական ուժերը մեծամասնության կեցվածքը որակում են որպես բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ:

Չնայած ավելի վաղ տված խոստումներին, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը այսօր այդպես էլ չներկայացավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ հրավիրված արտահերթ նիստին և քվորում չապահովելով՝ տապալեց նիստը:

Երեք ժամ շարունակ կոալիցիայի պատգամավորներին ապարդյուն սպասելուց հետո ոչ իշխանական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը համատեղ հայտարարություն տարածեցին՝ մեծամասնության կեցվածքը որակելով որպես բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ:

«Փախուստը նիստից մեկ բանի մասին է վկայում. անկախ նրանից, թե դրան ինչ ձևակերպում կտան՝ քաղաքական բոյկոտ, թե «պարզապես չենք ցանկացել, չենք մասնակցել», իրենք իրենց փաստարկները չեն համարում հիմնավոր և իրենց փաստարկների վրա վստահ չեն»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համարում է, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները «ցինիկ» են.- «Նաև լրացուցիչ վախեր ունեն, որ այս հրապարակումը կբացահայտի իրենց կերպարը»։

Ոչ իշխանական ուժերը Ազգային ժողով էին ներկայացրել օրենքի փոփոխության մի նախագիծ, որով առաջարկում էին գոնե մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումը՝ փաստարկելով, որ մի շարք իրավական հարցեր մինչ օրս պատասխան չեն ստացել: Մինչդեռ կոալիցիոն ուժերը հակափաստարկները լսելու փոխարեն ընտրեցին քաղաքական բոյկոտի տարբերակը:

«Պատգամավորը կաշկանդված չէ հրապարակային մանդատով և գործում է իր խղճին և համոզմունքին համապատասխան»,- պարզաբանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.- «Եթե մենք չուզեինք լսել հակափաստարկները, մենք այս օրենքի նախագիծը չէինք բերի Ազգային ժողով: Մենք այս օրենքի նախագիծը բերել ենք Ազգային ժողով և հակափաստարկները լսելուց հետո ենք ընդունել այս օրենքը։ Եթե կա որևէ իրավական խնդիր, կարող են կողմերը դիմել դատարան»։
Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՀՀԿ փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավանական էր համարել կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստին, ավելացնելով, որ եթե ընդդիմախոսները կարողանան համոզիչ հակափաստարկներ բերել, գուցե արդյունքի հասնեն:

Սակայն արդեն այսօր Սահակյանը Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ասաց, թե բովանդակային քննարկումների ժամանակն արդեն անցել է.- «Ժամկետը չի երկարաձգվում, որովհետև ժամկետի մասին խոսք չկա։ Իրենց ամբողջ խոսակցությունը գնում է բովանդակայինի և ոչ թե ժամկետի վերաբերյալ։ Իհարկե, ժամկետն էլ չեն կարողանում բնութագրել, թե ինչի համար ենք երկարաձգում ժամկետը»։

Իշխանության ներկայացուցիչները հաճախ էին կրկնում, թե փոփոխությունների ժամանակն արդեն անցել է, և որ ընդդիմությունը իր մտահոգությունները պետք է ներկայացներ քննարկումների ժամանակ։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ իրենք այն ժամանակ էլ չեն լռել, ուղղակի ուշադրություն դարձնող չի եղել:

«Այստեղ կարող են լինել Սահմանադրության հետ կապված և այլ խնդիրներ, բայց այս օրենսդրական փաթեթը իսկապես բազմաթիվ հարցեր է հարուցում, և մենք տեսնում են, որ խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը խուսափում են այդ հարցերին պատասխանելուց։ Եթե խուսափում են, ուրեմն չունեն այդ հարցերի պատասխանները»,- ասաց Փաշինյանը։

Ոչ իշխանական ուժերի համոզմամբ՝ այս կեցվածքով մեծամասնությունը ոտնահարեց ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլև համակարգի դեմ պայքարող քաղաքացու իրավունքները:

«Ես կարծում եմ, որ սա, անկախ ամեն ինչից, մեծ արհամարհանք է, իրավունքների խախտում է տեղի ունենում ակնհայտ», - ասաց անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյան։

Եթե Քոքոբելյանը հույս ուներ, որ գոնե այսօր քաղաքական մեծամասնությունը իրենց կլսեր, ապա ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի համար իրադարձությունների այս սցենարը լիովին կանխատեսելի էր: Մանուկյանի համոզմամբ՝ մեծամասնությունն ուղղակի այլ ելք չունի և ստիպված է ներդնել այս համակարգը՝ շտապ կարգով պետության գանձարանը լցնելու համար։

«Եթե հանկարծ այս օրենքի նախագծի պարտադիր բաղադրիչը մեկ տարով անգամ գնար եկող տարի, բյուջեն քանդվում էր։ Ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա։ Եթե հանկարծ այդ գումարները իրենք չեն կարողանում ստիպողաբար, ապա բյուջեի ամբողջ կոնցեպցիան քանդվում է»,- ասում է Մանուկյանը։

Այսօր օրվա վերջում ընդունված համատեղ հայտարարության մեջ ոչ իշխանական ուժերը կրկին պահանջում են հանել պարտադիր բաղադրիչը, օրինագիծը դնել լայն քննարկման և անգամ սահմանադրական հանրաքվեի: Չորս ուժերը խոստանում են շարունակել պայքարը՝ օգտագործելով Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոց:

«Շատերը սա երևի լավ չեն ընկալել սրա բացասական հետևանքները։ Հիմա հասարակությունը կարծես արթնանում է, ակտիվ մասը սա ընկալել է, մեզ համար կարևոր է, որ մյուսները ևս ընկալեն»,- ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
XS
SM
MD
LG