Մատչելիության հղումներ

Փորձագետները դյուրին չեն համարում Հայաստանում բիզնեսով զբաղվելը


Գործարարության վերաբերյալ երեկ հրապարակված Doing Business 2014 զեկույցում Հայաստանը 189 երկրների շարքում 37-րդն է: Հիշեցնենք՝ նախորդ տարվա սանդղակում Հայաստանը զբաղեցնում էր 32-րդ տեղը:

Զեկույցը գնահատում է, թե որքանով է տվյալ պետության օրենսդրությունը նպաստում բիզնես միջավայրի զարգացմանը: Այս տարվա սանդղակում Հայաստանը գտնվում է Ֆրանսիայի և Բելգիայի հարևանությամբ: Ստացվում է, որ Հայաստանում նույնքան հեշտ է զբաղվել գործարարությամբ, որքան եվրոպական այդ երկրներում:

Գործարար Ջորջ Տաբակյանը ևս այն կարծիքին է, որ Հայաստանում բիզնես ծավալելու հետ կապված առանձնահատուկ բարդություններ չկան, պարզապես հարկավոր է լիարժեք ուսումնասիրել օրենսդրական դաշտը և բիզնեսը կառուցել օրենքի բոլոր դրույթներին համապատասխան:

Տաբակյանի խոսքով, այն երկրների թիվը, որոնցում կիրառվում է էլեկտրոնային ստորագրությունը, մեծ չէ, մինչդեռ Հայաստանում մոտ երկու տարի է իրենք հենց առցանց են կարգավորում փաստաթղթերի անհրաժեշտ ձևակերպումների հետ կապված հարցերը: Իսկ դա, ըստ գործարարի, զգալիորեն հեշտացնում է բիզնեսի վարումը. - «Այսօր աշխարհում գրեթե չկա որևէ տեղ, որտեղ մեկ օրում դու կարողանաս ՍՊԸ գրանցել: Ես 2004-ից Հայաստանում են եւևավականին առաջընթաց եմ նկատում ոլորտում»:

Թեև, ինչպես փաստում է զեկույցը, ձեռնակությունների և սեփականության գրանցման դյուրինությամբ Հայաստանը աշխարհում առաջիններից է, սակայն, «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, Հայաստանում բիզնես վարելը բնավ էլ այնքան հեշտ չէ, որքան Ֆրանսիայում կամ Բելգիայում:

«Ձեռնարկություն գրանցելը հետ է, համաձայն եմ, բայց երբ արդեն ձեռնարկությունը սկսում է գործունեություն ծավալել, այստեղ գալիս են մյուս ցուցիչները՝ հարկային վարչարարությունը, արտաքին առևտուրը: Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի այս ոլորտներում և հենց դրանցով էլ գրանցած ցուցանիշներ բավականին ցածր են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գեւորգյանը:

Տնտեսագետ Սոնա Գրիգորյանը ևս համաձայն է, որ բիզնես գրանցելը և վարելը տարբեր բաներ են, և հենց բիզնեսի վարումը գնահատող կետերով Հայաստանը, ըստ զեկույցի, բավական վատ դիրքեր է զբաղեցնում:

«Մենք երկու կետով հետընթաց ենք գրանցել վարկերի հասանելիության ցուցանիշով, ինչը բիզնեսի վարման ամենակարևոր մասերից է: Վարկերը կարծես բիզնեսի զարգացման վառելիքը լինեն, և եթե բիզնեսմենները գնահատում են, որ իրենց համար դժվարացել է վարկ վերցնելը, դա նշանակում է, որ իրենց համար աճի խթանները դարձել են ավելի քիչ հասանելի», - նշեց Սոնա Գրիգորյանը:

Հայկ Գևորգյանի խոսքով, Հայաստանում այսօր բիզնես ծավալելու ամենամեծ խոչընդոտը տնտեսության մոնոպոլ կառուցվածքն է: Ըստ նրա, հենց դա է ամենաէական պատճառներից մեկը, որ միջազգային առևտրի ցուցանիշը Հայաստանի դեպքում խիստ ցածր է՝ 189 երկրների շարքում 117-րդն ենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG