Մատչելիության հղումներ

Կոստանյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանական ուժերի հետ


Զինդատախազ և գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյան
Զինդատախազ և գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյան
Հայաստանի զինդատախազ և գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի ընտրվելը հարցականի տակ չի դրվում, քանի որ իշխող ՀՀԿ-ին առանց ՕԵԿ-ի էլ մեծամասնություն ունի խորհրդարանում:

Հանրապետականները առանց թեկնածուի հետ հանդիպման էլ կողմ են իրենց կուսակցության առաջնորդի` երկրի նախագահի ներկայացրած թեկնածությանը:

Խորհրդարանական մյուս ուժերը անգամ Կոստանյանի հետ այսօր ունեցած հանդիպումներից հետո չասացին, թե ինչպես են քվեարկելու:

Հայ ազգային կոնգրեսը որոշել է «շանս տալ» Կոստանյանին. խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե նա Աղվան Հովսեփյանից լավն է իր որակներով:

«Տվյալ դեպքում մենք ուղղակի պետք է ելնենք անմեղության կանխավարկածից: Հրապարակայնորեն մենք իրեն կտանք շանս աշխատելու: Առանց շատ կոնկրետ հիմքերի մենք նրան քննադատության չենք ենթարկի զուտ այն պատճառով, որ գործում է արատավոր քաղաքական համակարգի միջավայրում», - հավելեց Զուրաբյանը:

Ընդդիմադիրները հանդիպման ժամանակ հարկ չեն համարել քննարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարվածի աղմկահարույց նախաքննությունը. Զուրաբյանի կարծիքով` իրենց բարձրացրած հարցերն ավելի առաջնային են: Այդ նախաքննության ընթացքում, հիշեցնենք, ազատ արձակվեցին քննության նախնական փուլում սպանության մեջ մեղադրվող նախկին մարզպետի որդին և թիկնապահը, իսկ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը միակն է, ում այս պահին սպանության մեղադրանք է առաջադրված:

«Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ավելի կարևոր հարց չէ՞: Բնականաբար, ավելի կարևոր է: Համատարած կոռուպցիայի բացահայտումը ավելի կարևոր հարց չէ՞: Ավելի կարևոր է: Քաղբանտարկյալների նկատմամբ անարդար դատավարությունները ավելի կարևոր հարց չէ՞...», - փաստարկեց Լևոն Զուրաբյանը` փոխանցելով Կոստանյանի պատասխանը. - «Լինելով գրագետ իրավաբան` ինքը ընդամենը ասել է, որ այս բոլոր հարցերը դեռ պետք է ուսումնասիրվեն»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թեկնածուի հետ հանդիպմանը չէր մասնակցում: Իսկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե չի կարող գաղտնազերծել կուսակից պատգամավորների բարձրացրած հարցերը: Այդուհանդերձ, Զոհրաբյանը ներկայացրեց իր մտահոգությունները. - «Արդարության ճգնաժամ իրավապահ համակարգի հանդեպ, արդարության դեֆիցիտ իրավապահ համակարգի հանդեպ»:

Խորհրդարանական համակարգի ջատագով Դաշնակցությունը բարձրացրել է սահմանադրական բարեփոխումներով կառավարման այդ կարգին անցնելու հարցը և մտահոգություններ է հայտնել Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության գործի վերաբերյալ:

«Աղվան Հովսեփյանը ավելի փորձառու դատախազ է: Այս նոր առաջադրվող անձը այդքան մեծ փորձառություն չունի, բայց ունի շատ հետաքրքիր մոտեցումներ նորարարական իմաստով, գիտելիքներ», - ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, թե չի հավատում, որ անձերը կարող են համակարգ փոխել:

Հարցին, թե արդյոք իր թեկնածության առաջադրումը Սյունիքի դեպքերի նախաքննության ցանկալի արդյունքը (նախկին մարզպետի որդու արդարացումը) ապահովելու փոխհատուցումը չէր, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. - «Եթե որևէ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով, կարող եք տենց համարել: Համենայնդեպս, ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունը և կատարելու եմ»:

Գլխավոր դատախազի թեկնածուն այսօր անդրադարձավ նաև նախկին գլխավոր դատախազի հետ իր (մամուլի պնդմամբ) հակասություններին` ասելով, որ իրենց հարաբերությունները ոչ թե լարված են եղել, այլ աշխատանքային:

Հարցին, թե կլինի արդյոք Հովսեփյանի համախոհների «կադրային ջարդ», տվեց սպառիչ պատասխան` չբացառելով պաշտոնանկությունները, և հավելեց. - «Ազնիվ կադրերը կշարունակեն պաշտոնավարել»:

Անդրադառնալով Մարտի 1-ի կասեցված գործին` Կոստանյանը նշեց, թե այն վերսկսելու որոշում կայացնելու համար պետք է ծանոթանա մանրամասներին:

Հարկ է նշել, որ, ի տարբերություն Աղվան Հովսեփյանի, ով վեց տարի առաջ չէր հանդիպել խորհրդարանական ընդդիմադիր ուժի` «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, Գևորգ Կոստանյանը հերթով անցավ ոչ իշխանական բոլոր խմբակցությունների աշխատասենյակներով: Միակ խմբակցությունը, որն այսօր նշեց, թե անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածին, «Ժառանգություն»-ն էր:
XS
SM
MD
LG