Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները հանդես են եկել ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ


Հայաստան - Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի վետերանները զրուցում են լրագրողների հետ իրենց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ, 13-ը մայիսի, 2013թ․
Հայաստան - Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի վետերանները զրուցում են լրագրողների հետ իրենց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ, 13-ը մայիսի, 2013թ․

Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկների դաշտային հրամանատարները հայտարարություն են տարածել, որում քննադատում են քննադատում են Հայաստանի իշխանություններին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կոշտ գնահատականների արժանացրեց իշխանությունների գործելակերպը։

«Իշխանությունը օգտագործեց Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի տրոհի ազատամարտիկների շարքերը: Ամիսներ շարունակ փորձեց, Սեյրան Օհանյանի և Տիգրան Սարգսյանի քավորությամբ, ներկայացնել այդ մարդկանց որպես ազատամարտիկների պայքարի ջատագով: Հիմա ես չգիտեմ ինչ է կատարվել, բայց որ տեսան դա չի օգնում, ազատամարտիկները, մեկ են և ասում են՝ լափը ինքներդ լափեք, Տիգրան Սարգսյան և Սեյրան Օհանյան, հանկարծ որոշեց հիմա էլ ձերբակալել, որպեսզի հերթական անգամ շեղի բուն ճանապարհից, թե՝ տեսեք, ազատամարտիկին ձերբակալել ենք», - կարծիք հայտնեց Սուրեն Սարգսյանը:

Իշխանություններին իրենց մարտական ընկերոջ կալանավորման համար քննադատող ազատամարտիկները, չէին կիսում Վոլոդյա Ավետիսյանի դիրքորոշումը, ինչի պատճառով էլ ավելի քան երեք ամիս առաջ բողոքի ակցիաներ նախաձեռնած ազատամարտիկները բաժանվեցին երկու թևի։ Վոլոդյա Ավետիսյանն ու նրա համախոհները շարունակում էին հայտարարել, որ իրենց պայքարը միմիայն ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման նպատակ ունի, իսկ մյուս թևը, որը մոտ երկու ամիս է Ազատության հրապարակում համահավաքներ է անցկացնում, քաղաքական պահանջներ է ներկայացնում իշխանություններին։ Ազատության հրապարակում բողոքի ակցիաները շարունակող ազատամարտիկները հայտարարում են, թե եթե իշխանությունները չդադարեցնեն երկրի կործանումը, ապա իրենք նաև նրանց հրաժարականը կպահանջեն։ Կալանավորված Վոլոդյա Ավետիսյանը ու նրա թիմը չէր մասնակցում այս ակցիաներին։

Անցած ամիսներին Վոլոդյա Ավետիսյանն ու նրա համախոհները մի քանի հանդիպումներ անցկացրեցին պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր խոստացել էին լուծում տալ նրանց սոցիալական հարցերին։ Պաշտպանության նախարարությունում այդ նպատակով ձևավորված հանձնաժողովում քննարկումներ էին անցկացվել, որոնց մասնակցել էր նաև Վոլոդյա Ավետիսյանը։ Ազատամարտիկները տարակուսում են, թե այս պարագայում ինչպես կարող էր պաշտպանության նախարարությունը նման կերպ վարվել մի մարդու հետ, ով մի քանի ամիս շարունակ իրենց հետ քննարկումների էր մասնակցում։

«Ծիծաղելի է, երբ որ այդ մարդուն երեք օր առաջ Սեյրան Օհանյանը ջերմ-ջերմ գրկի մեջ էր պահում, հանկարծ այսօր հիշում է, որ հինգ տարի առաջ․․․ չէ՞ որ մեր երկրում բոլորս գիտենք ինչ ասել է, ասենք թե, ոստիկանություն: Կներեք՝ այդ մենթին պատվերը տալիս են, ինքը գնում է՝ կատարում: Նո՞ր են հիշել, որ հինգ տարի առաջ ինչ-որ մեկը 2 հազար դոլար է տվել Վոլոդյա Ավետիսյանին: Սա իշխանությունների հերթական կապիկությունն է: Իսկ թե ի՞նչ են ուզում անել, կհետևենք, և ըստ այդմ կբարձրաձայնենք այդ մասին», - ասաց Սուրեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտարարել էր, թե Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Նա, մասնավորապես, մեղադրվում է «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով» հիշյալ քաղաքացուց 2 հազար դոլար հափշտակելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG