Մատչելիության հղումներ

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները սպառնալիքներ են ստանում


Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները սպառնալիքներ են ստանում
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները սպառնալիքներ են ստանում «Լարկո գրուպ» ընկերությունից:

Բնակիչներից Ալբերտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետի կողմից իրենց բակում իրականացվելիք շինարարությունը կասեցնելուց հետո` վերջին մեկուկես ամսվա ընթացքում բակ են գալիս «սպորտային կազմվածքով մարդիկ» և տարբեր սպառնալիքներ հնչեցնում բնակիչների հասցեին:

«Գալիս են, ցույց են տալիս իրենց գոյության մասին: Եվ հրահանգել են իրենց աշխատողներին, թե «մեզ վարձատրում են, պետք է գնանք կանգնենք, ջարդենք»: Իրենց ասած բառերն եմ կրկնում` «գլուխները ջարդենք՝ կին կլինի, թե երեխա»: Ես իմ ամեն բառի համար պատասխանատու եմ», - փոխանցեց Ալբերտ Սարգսյանը:

Այդ բակում տրվել էր նախ հյուրանոցի, հետո բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն: Նորակառույցը լինելու է հին կաթսայատան, ինչպես նաև փողոցի մի հատվածի և մեկ ավտոտնակի տեղում, ընդհանուր առմամբ` 207 քառակուսի մետր: Շենքերի բնակիչների պնդմամբ, այն խանգարելու է բնակելի շենքերի լուսավորությանը, ինչպես նաև մեքենաների ու մարդկանց տեղաշարժին:

«Մենք ունենք հրշեջ ծառայության մասնագիտական եզրակացությունը, որ այստեղ անհրաժեշտության դեպքում նույնիսկ այսօր չեն կարող համապատասխան գործողություններ կատարել: Մի շինություն ավելանալու դեպքում առավել ևս դա անհնարին կդառնա», - նշեց Ալբերտ Սարգսյանը:

«Մենք վախենում ենք մեքենաներից, պատերի տակով ենք քայլում, հիմա էլ նոր շենք են կառուցում: Ուր ա, որ բակը ժողովրդինը և երեխաներինն է», - ասաց բնակիչներից մեկը:

«Կամ Աստված ոչ անի, երկրաշարժ լինի, ո՞ր շենքից փախնենք: Կարելի՞ է այդպես խիտ խցկել», - հավելեց մյուսը:

Բնակիչների բողոքի արդյունքում շինարարությունը կասեցվել էր: Քաղաքապետարանի համապատասխան որոշումը նրանք նույնիսկ պատճենել և փակցրել են իրենց բակում: Բայց կառուցապատող ընկերությունը, բնակիչների պնդմամբ, դեռ շարունակում է իրենց ահաբեկել:

«Ընկերության փաստաբանը ուղարկել է բոլորին գրություններ, հատկապես այն մարդկանց, ովքեր ընդգրկված են ցուցակում, որ պետք է մասնակցեն քաղաքապետարանի կողմից կազմակերպվելիք քննարկմանը, այն մասին, որ բնակիչները խոչընդոտում են շինարարությանը, որի պատճառով ընկերությունը վնասներ է կրում և հորդորում է զերծ մնալ շինարարությանը խոչընդոտելուց։ Հակառակ դեպքում ընկերության կրած վնասները կգանձվեն բնակիչներից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բնակիչներից Անահիտը:

«Լարկո գրուպ»-ի փաստաբանը բնակիչներին ասել է, թե տեղյակ չի եղել, որ շինարարությունը քաղաքապետարանի կողմից կասեցվել է:

Ինչ վերաբերում է բնակիչների նկատմամբ հնչած սպառնալիքներին, ապա փաստաբան Աշոտ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընկերությունը վարձել է մի կազմակերպություն, որը իրենց սեփականության պահպանությունն է իրականացնում, սակայն սպառնալիքների մասին բնակիչների պնդումները հերքեց․- «Բնականաբար իրականությանը չի համապատասխանում: «Լարկո գրուպ»-ը սպառնալիքներ չի հնչեցրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG