Մատչելիության հղումներ

Հայաստանը հայտարարում է Մաքսային միություն մտնելու որոշման մասին


Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, ինչպես նաև այդ նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։

Հայաստանի նախագահի նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի այդ որոշմանը և նշել այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու ռուսական կողմի պատրաստակամության մասին։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են ընդգծել, որ անհնար է անդամակցել Մաքսային միությանը և միաժամանակ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Թե ինչու և ինչպես է Հայաստանի իշխանությունը որոշել մտել Մաքսային միություն, առայժմ պարզ չէ։

Իշխող Հանրապետականն առայժմ ձեռնպահ է մնում պարզաբանումներից։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե երբ ամբողջական ինֆորմացիա ունենան, կարձագանքեն։

Ուշագրավ է, որ իշխող կուսակցությունում մինչ այս պահը տեղյակ էլ չէին, որ Հայաստանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն։ Մասնավորապես, այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե Մաքսային միություն մտնելու մասին տեղեկություն չկա և Հայաստանը նախաստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, արձագանքելով Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարության, ընդգծեց, որ նախագահը Հայաստան վերադառնալուն պես պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի։

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Մաքսային միությանը մեր անդամակցությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը և սահմանափակում է մեր սուվերենությունը։ Սա լրիվ անընդունելի զարգացում է իմ տեսանկյունից։ Կարելի է Մաքսային միության հետ ձևեր գտնել համագործակցության, բայց այդ ձևերը չպետք է որևէ դեպքում հակասեն Հայաստանի՝ արդեն 20 տարի ընտրած եվրաինտեգրման ճանապարհին և չպետք է խոչընդոտեն Եվրամիության հետ Ասոցացաման պայմանագրին և նրա բաղկացուցիչ մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրին։ Այնպես որ սա շատ տարակուսելի լուր է, սպասենք հստակ բացատրություններին»,- ասաց Արզումանյանը։

Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վերջ է դրվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, Արզումանյանը պատասխանեց.- «Չեմ կարծում։ Կարծում, որ Ռուսաստանի իշխանություններն էլ պետք գիտակցեն, որ ուժի սպառնալիքով ստեղված որևէ միավորում չի կարող ապագա ունենալ։ Սա ուժի կիրառմամբ ձևավորվող միություն է, որը ապագա չունի։ Ինչու իշխանությունները ընկրկեցին այս ուժի սպառնալիքի վտանգի առջև, չգիտեմ, ժամանակը ցույց կտա»։

«Դեռ բազմաթիվ հարցեր կան, և մենք այդ հարցերի պատասխանները ակնկալում ենք թե իշխանություններից, թե մեր եվրոպական գործընկերներից։ Չեմ կարծում, որ Եվրամիության պաշտոնյաները անարձագանք թողնեն այս զարգացումները։ Դեռ կտեսնենք... այդ հարցերը մեկ օրում չեն լուծվում, այնպես չէ, որ ինչ-որ մեկը բռնի ստորագրի մասնակցության մասին, հազարավոր բանակցություններ պետք է անցկացվենք, պայմանագրերը տեսնենք, հասկանանք ի վերջո այս Մաքսային միությունը իրենից ինչ է ներկայացնում, որքանով է սահմանափակում մեր սուվերենությունը»,- ամփոփեց նախկին արտգործնախարարը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից՝ ասելով, որ նախ այդ հարցը պետք է քննարկեն կուսակցությունում։
XS
SM
MD
LG