Մատչելիության հղումներ

Взгляд. ԵՄ-ի և Մաքսային միության միջև Երևանն ընտրեց ՀԱՊԿ-ը


Վլադիմիր Պուտին, Սերժ Սարգսյան
Վլադիմիր Պուտին, Սերժ Սարգսյան
«Եվրամիության և Մաքսային Միության միջև Երևանն ընտրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,- անդրադառնալով Հայաստանի ղեկավարի այսօրվա մոսկովյան այցին գրում է ռուսական Взгляд-ը՝ մանրամասնելով. -«Վիլնյուսում` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող Ուկրաինայի շուրջ ծավալված ճակատամարտի ֆոնին Երևանն ընդհանրապես կարող է հրաժարվել նպանատիպ պայմանագիրը նախաստորագրելու մտադրությունից»:

Թերթին տված հարցազրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է. - «Աշխարհում հնարավոր չէ գտնել մի ուժ, որ կկարողանար անվտանգության հարցերում Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին: ՆԱՏՕ-ն այդ ուժը չէ: Եվ եթե Ռուսաստանը շարունակի պնդել՝ միմյանց կապակցելով Եվրամիության հետ համաձայնագիրն ու անվտանգության հարցերը, ապա դա կդառնա այն «կարմիր գիծը», որ Հայաստանը չի կարողանա հատել»։

Взгляд-ը նաև մեջբերում է փորձագետ Մոդեստ Կոլերովի խոսքերը.- «Հայկական իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանը հրաժարվել է Երևանին հերթական վարկը տրամադրել: Բայց պետք չէ մոռանալ, որ Երևանն այդպես էլ հաշվետվություն չներկայացրեց, թե ինչպես է ծախսվել ռուսական նախորդ՝ 500 միլիոն դոլարանոց վարկը: Այժմ էլ ահա հայերը փորձում են վերաֆինանսավորել այդ նույն վարկը` փաստորեն նպատակ ունենալով թաքցնել դրա մսխման մեխանիզմը»։

«Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կփորձարկեն հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրությունը»,- գրում է Независимая Газета-ն՝ մեջբերելով Մոսկվայում գործող ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի խոսքերը:

«Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա շատ տեղին է և ճիշտ ժամանակին: Հարկ է նկատել, որ դա նրա վերջին այցը չի լինի Մոսկվա: Սարգսյանը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի նաև սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու Մոսկվայի հայկական եկեղեցու բացմանը»,- նշում է Զատուլինը` հավելելով.- «Նախագահները քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն, մասնավորաբար, հարցը, թե ինչու Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր չեն ուղարկում: Չէ՞ որ հանրապետության ղեկավարությունը հետաքրքրություն էր ցուցաբերել այդ հարցում»։

Правда.Ru-ի մեկնաբանի կարծիքով էլ.- «Հետխորհրդային տնտեսական տարածքը Հայաստանին շատ ավելի մոտ է թե տրանսպորտային, թե ենթակառույցների, թե գործարար միջավայրի և թե տարածություններին ու շփման դյուրինության առումով: Բացի այդ, Հայաստանից արտահանվող սակավաթիվ ապրանքներով առավելապես հետաքրքրված է ռուսաստանյան, այլ ոչ թե եվրոպական շուկան»:

«Հայաստանի ժողովուրդը պետք է լրջորեն մտածի ում հետ լինել և արժեքային ինչ համակարգ որդեգրել: Իրական գինը ոչ թե տնտեսական շահն է, (թեև նույնիսկ այս դեպքում եվրոպական ինտերգրումը լրջորեն զիջում է եվրասիականին) այլ մշակութային օտարվածությունը, հիմնական հոգևոր արժեքների կորուստն ու քրիստոնեական պատվիրանների մերժումը: Այս հարցում ցուցաբերվող անվստահություն, կամ նույնիսկ երկու կերակրատաշտերից միաժամանակ օգտվելու ցանկությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,- պնդում է ռուսաստանյան պարբերականը։

Սերժ Սարգսյանի այցի նախօրեին էլ մոսկովյան Огонек հանդեսը հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում է ոչ քաղաքական տեսանկյունից՝ մեծ հրապարակմամբ անդրադառնալով «Արարատ-73»-ին։

««Արարատն» ունեցավ վերելքներ և անկումներ. միջհանրապետական առաջնություններն, ինչպես և ԽՍՀՄ կոչվող պետությունն այլևս գոյություն չունեն: Այսօր սակայն մեկ այլ հարց է ծագում, արդյոք ավելի աղքատի՞կ չէ ռուսական ֆուտբոլն առանց ուկրաինական, բելառուսական, հայկական, վրացական թիմերի: Առանց «Պախտակորի», թբիլիսիի և Կիևի դինամոյականների և իհարկե առանց «Արարատի»` «Լուժնիկի» մարզադաշտում մի տեսակ ձանձրալի է»,- գրում է Огонек-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG