Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ «զանգվածային բռնաճնշումների»


Բողոքի ակցիա՝ ընդդեմ ոստիկանական բռնաճնշումների
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

Վերջին օրերին ոստիկանների գործողություններից դժգոհող քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա անցկացրին նախ ոստիկանության, ապա դատախազության շենքի մոտ:

Քաղաքացիները պահանջեցին գործել բացառապես օրենքի շրջանակներում և վերջ դնել զանգվածային բռնաճնշումներին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մասնավորապես վկայակոչեց հանգամանքը, որ Սահմանադրությամբ է երաշխավորված քաղաքացիների ազատություններն ու իրավունքները և ոստիկանությունից պահանջեց ապահովել քաղաքացիների իրավունքների իրացումը և ոչ թե սահմանափակել դրանք:

Քաղաքացիները հայտարարում էին, որ վերջին օրերին ինչ֊որ ավազակախմբեր են կողոպտում և ահաբեկում քաղաքապետարանի մոտ ակցիաներ իրականացնողներին:

«Կարող ենք ենթադրել, որ այս գործողություններն իրականացվում են ոստիկանության թույլտվությամբ, կամ առնվազն՝ թողտվությամբ», - հայտարարում էին ակտիվիստները:

«Կարծում եմ, որ ուղղակի ցուցում է տրված ոստիկանապետի կողմից: Չեմ կարծում, որ ոստիկանները ուրիշ անգամ առիթ եղել էր հայհոյանքների, մոտենալ կանանց ականջներին հայհոյանքներ ասել․․․ սա հատուկ մի ռազմավարություն է: Սա խայտառակ մի վիճակ է, երբ օրեր շարունակ մարդիկ բերման են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներ այն դեպքում, երբ խաղաղ ցուցարարներ են: Անհնազանդություն պետք է դրսևորել ոստիկանության այս պահվածքի նկատմամբ», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Այսօրվա ակցիային հետևում էր ոստիկանության մի մեծ խումբ՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխոստիկանապետն ասաց, թե ոստիկանության վերջին օրերի գործունեությունը իրավաչափ չէ՝ «գիտե՞ք ինչքանով իրավաչափ չենք եղել, որ շատ մեղմ ենք եղել, լիարժեք չենք իրականացրել օրենքի պահանջը, թողել ենք քաղաքացիների ինքնագիտակցությանը»:

Օրերս ոստիկանությունը զգուշացրել էր հատուկ միջոցներ գործադրելու հնարավորության մասին՝ վկայակոչելով հատուկ միջոցների ամբողջ տեսականին:

Իսկ այսօր ոստիկանությունը տեղեկացրել է, թե ավարտվել է տարեց կնոջը գետնին տապալած ոստիկանի գործողություններիի կապակցությամբ սկսված ծառայողական քննությունը: Ըստ հաղորդագրության, Արաբկիրի բաժնում օրերս բացատրություն էր գրել 70-ամյա Սեդա Սահակյանը:

«Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու` քաղաքացու հետ հարաբերություններում կոպիտ ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը կարգապահական տույժի կենթարկվի», - ասված է հաղորդագրությունում:

Վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ հաղորդումներ են ներկայացրել ոստիկանության բաժիններ և դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց լիազորություններն անցած ոստիկաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG