Մատչելիության հղումներ

Դատարանը հրաժարվեց հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին


Հայաստան -- Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը (ձախից) իր գործով դատական նիստի ժամանակ, Երևան, 9-ը օգոստոսի, 2013թ.
Հայաստան -- Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը (ձախից) իր գործով դատական նիստի ժամանակ, Երևան, 9-ը օգոստոսի, 2013թ.

Վերաքննիչ դատարանն այսօր հրաժարվեց հրավիրել և ընդդիմադիր չորս ակտիվիստների գործով հարցաքննել Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Մերժման հիմնավորումն այն էր, որ նախկին ոստիկանապետը դեպքի վայրում չի եղել, հետևաբար նրան չի կարող հայտնի լինել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հերքող կամ հաստատող որևէ տվյալ։

Դատարանի այս որոշումը վրդովեցրեց Կարապի լճի հայտնի միջադեպի հետևանքով 2011-թվականի օգոստոսի իննից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին, ով այս քրեական հետապնդումը համարում է Ալիկ Սարգսյանի անձնական վրեժը նախկին գործերից մեկով նրան դատի տալու համար։

Բանն այն է, որ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդել էր Ալիկ Սարգսյանին որպես վկա հրավիրել հարցաքննության, պարզելու, թե միջադեպի վայրում չգտնված Սարգսյանը ի՞նչ տեղեկությունների հիման վրա էր դեպքից մի քանի օր անց` օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկել դեպքը մանրամասն նկարագրող այնպիսի հայտարարություններով, որոնք գործով մեղադրվող չորս ակտիվիստները դիտարկում են որպես նախաքննական մարմնի վրա ճնշում և ուղղորդում։

«Դատարանը հիմա ինչ որ որոշեց, դա դատարանը չորոշեց»,- որոշման հրապարակումից հետո հայտարարեց Տիգրան Առաքելյանը,- «Մեր գործով որևէ որոշում դատարանը չի կայացրել, խորհրդակցական սենյակում թե ո՞ւմ հետ է քննարկում, ի՞նչ է քննարկում, դեռևս հայտնի չէ... բոլոր որոշումների համար մի օր պատասխան են տալու, եթե դրանք եղել են կեղծ և շինծու»։

Այսօր դատարանում մեղադրյալներից Սարգիս Գևորգյանն ընթերցեց նախկին ոստիկանապետի այդ հայտնի ասուլիսի սղագրությունը, որտեղ Սարգսյանը մանրամասն պատմում է ոստիկանների վրա «ոստիկանաորսով» զբաղվող ակտիվիստների հարձակման մասին՝ շրջանառության մեջ դնելով առանց դնչկալի շան հայտնի պատմությունը, որ բերման ենթարկվածներից Տիգրան Առաքելյանը և ևս երկու երիտասարդ հարբած են եղել, որ մյուսների մասով նարկոդիսպանսերից պատասխան են ակնկալում, որ Առաքելյանը բերման ենթարկվելիս մեքենայի մեջ «խփել և ոստիկանի քիթը կոտրել է», որ ոստիկանների մոտ կային կապտուկներ, բայց ինքն ասել է, որ դրանք չգրեն։ Սա համարելով նախաքննական մարմնին ուղղորդելու՝ ինքնախոստովանական ցուցմունք, Տիգրան Առաքելյանը բացականչեց. - «Կանչեք, բերեք, կալանավորեք… սրանից լավ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք, հարգելի դատարան: Ամբողջ քրեական գործը հենց հիմա պայթեց… այս քրեական գործը պետք է հիմա կարճված լիներ, եթե մենք դատարան ունենայինք»։

Նախկին ոստիկանապետին հարցաքննության կանչելու պահանջի մեկ այլ հիմք էլ նրա և ոստիկանների ցուցմունքների միջև առկա հակասությունն էր. Ալիկ Սարգսյանը նույն ասուլիսում հայտարարել էր, որ մեկ առ մեկ հանդիպել է միջադեպի մասնակից բոլոր ոստիկաններին, այնուհետև` տղաներին ոստիկանական բաժին տանելուց հետո, բաժնում կատարված իրադարձություններին ականատես բոլոր իրավապահներին։ Մինչդեռ նույն ոստիկանները և՛ նախաքննության ժամանակ, և՛ դատարանում իրենց ցուցմունքներում պնդել են, որ Ալիկ Սարգսյանի հետ որևէ հանդիպում չեն ունեցել։

«Դատարանի որոշումը՝ Ալիկ Սարգսյանին չհարցաքննելու մասին, կանխատեսելի էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գործով մեղադրվող Սարգիս Գևորգյանը, - «Դա շատ ծանրակշիռ ապացույց կարող էր լինել այն բանի, որ քրեական գործը թելադրված է, այսինքն՝ բոլոր ապացույցները ի սկզբանե ստեղծվել են Ալիկ Սարգսյանի անմիջական վերահսկողությամբ»։

Դեպքին ականատես երկու վկաներ՝ ընդդիմադիր ակտիվիստներ Սահակ Մուրադյանն ու Արեգ Գևորգյանն այսօր դատարանին մանրամասն պատմեցին, որ այդ օրը իրավապահները բռնություններ են գործադրել և՛ գործով անցնող 4 ակտիվիստների, և՛ հենց իրենց նկատմամբ: Նրանք պատմեցին, թե ինչպես են առնվազն երեք տասնյակ իրավապահներ իրենց շրջապատել ու, ծեծելով, Տիգրանի շորերը պատռելով, բերել ոստիկանության բաժին, ինչպես են բռնություններն ու հայհոյանքները շարունակել բաժնում, իրենք էլ երբեմն պատասխանել են այդ հայհոյանքներին և 02-ի տարածած տեսանյությում չորս ժամանոց այդ բռնություններից ներկայացված է ընդամենը 5 րոպե՝ իրենց կողմից հայհոյելու պահերը։

Այսօրվա նիստին հետևող ընդդիմադիրները, մեզ հետ զրույցներում զուգահեռներ անցկացնելով 2011-ի այս միջադեպի և վերջին օրերին Կոմիտասի փողոցում, քաղաքապետարանի մոտ ոստիկանների գործողությունների միջև, համոզմունք էին հայտնում, որ իրավապահների գործելաոճում ոչինչ էլ չի փոխվել:

«Իշխանությունները նույն մեթոդներն են կիրառում, նույն կերպ են ոստիկանները վարվում՝ ժողովրդին նվաստացնելով, ստորացնելով։ Նախկինում երևի իրենց չէին սանձարձակել սեքսուալ բռնությունների առումով, հիմա արդեն դա էլ են սկսել իրականացնել ոստիկանները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Կոնգրեսի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը, - «Նույն մարդիկ են, ոչ մի տարբերություն չկա, ուղղակի դերասանությունն է հիմա մի փոքր շատացել»։

«Այլ բան չէր էլ կարելի սպասել մի իշխանությունից, որը կրիմինալ իշխանություն է և կրիմինալի արտահայտիչն է Հայաստանում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,- «Լեգենդները պետք է մոռանալ, թե մի ոստիկանապետ կամ առանձին մի աշխատող կարող է օրինապաշտ լինել, մյուսը՝ ոչ։ Սա մի ամբողջ արատավոր համակարգ է, որի էությունը քաղաքացու ահաբեկումն է։ Երբ չեն վախենում, հալածանքները մի քիչ մեղմացնում են, երբ վախենում են՝ սկսում են նորից ամբողջ դաժանությամբ, այն, ինչ մենք տեսնում ենք»։
XS
SM
MD
LG