Մատչելիության հղումներ

Կոմիտաս 5-ում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է


Արխիվ - Բախումներ ոստիկանության և Կոմիտաս 5-իմ շինարարության դեմ բողոքողների միջև, Երևան, 24-ը օգոստոսի, 2013թ․
Արխիվ - Բախումներ ոստիկանության և Կոմիտաս 5-իմ շինարարության դեմ բողոքողների միջև, Երևան, 24-ը օգոստոսի, 2013թ․
Վերջին օրերին բողոքի ակցիաների թատերաբեմ դարձած Կոմիտաս 5 հասցեում շինարարությունը ժամանակավորապես ընդհատվել է: Այստեղ նոր շենքի կառուցման դեմ պայքարող հարակից շենքերի բնակիչները շարունակում են շինհրապարակի տարածքը հսկողության տակ պահել:

«Առավոտյան մի փոքրիկ գործ սկսեցին անել, հարևանները բղավել են, դադարեցրել են, ամբողջությամբ փակել և գնացել են: Բայց մենք չենք իմանում ինչ ժամանակով, որովհետև ոչ մի տեղեկություն չունենք՝ արդյոք դադարեցե՞լ են, թե՞ ուղղակի ուզում են մեզ միամտացնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց շինհրապարակի մոտ հավաքված բնակիչներից մեկը:

Կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօր հիմնափոսում քիմիական նյութեր են լցրել, որպեսզի դրանք քայքայեն ժայռը, որը մուրճերով կոտրելիս անհանգստություն են պատճառում բնակիչներին: Այդ պատճառով էլ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Նա հավելեց, որ երևի շինարարությունը կվերսկսեն, երբ քաղաքապետարանը կհաստատի նաև վերգետնյա մասի նախագիծը: Կառուցապատողն առայժմ ունի միայն նկուղային հարկերի շինարարության թույլտվությունը:

Կոմիտաս 5 հասցեի հարակից շենքերի բնակիչները, ովքեր արդեն պնդում են, որ այդ նեղ տարածքում շենք չի կարելի կառուցել, քանի որ շենքը կփակի հրշեջ և շտապ օգնության մեքենաների մուտքը, կփակի իրենց տների լուսավորությունը, որ շենքի տակ պինդ ժայռ է, որը, փորձելով կոտրել, ցնցում են իրենց տների հիմքերը։

Բնակիչները արդեն մի քանի տարի պայքարում են շենքի կառուցման դեմ` դիմում-բողոքներով, բողոքի ակցիաներով: Վերջին օրերին նրանց բողոքի ակցիաները նոր թափ ստացան, երբ բնակիչներին միացան մի շարք քաղաքացիական ակտիվիստներ և պարզապես մտահոգ քաղաքացիներ:

Լարվածությունն հատկապես մեծ էր շաբաթ օրը, երբ բնակիչներն ու հասարակական ակտիվիստները մի քանի անգամ փակեցին փողոցը, բախումներ եղան ցուցարարների ու իրավապահների միջև և ավելի քան երկու տասնյակ ցուցարարներ բերման ենթարկվեցին:
XS
SM
MD
LG