Մատչելիության հղումներ

Գազի նոր գնի սուբսիդավորման հարցը «պարզ կդառնա մի քանի օրից»


Գազի նոր գնի սուբսիդավորման հարցը «պարզ կդառնա մի քանի օրից»
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ՝ մի քանի օրից արդեն պարզ կլինի գազի սուբսիդավորման հարցը:

«Բանակցությունները ավարտական փուլում են, մի քանի օրից կասենք»,- ասաց Մովիսիսյանը չորեքշաբթի լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, և մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն: Մինչդեռ, սուբսիդավորման հարցը շարունակում է մնալ չլուծված:

Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը սուբսիդավորելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ՝ դրամաշնորհ ստանալու նպատակով, որպեսզի կարողանան իրականացնել սուբսիադավորումը: Ճի՛շտ է, վարչապետի այս հայտարարությունից հետո «Գազպրոմի» պաշտոնական կայքէջը, կարելի է ասել, բացահայտեց, որ Մոսկվայում է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ում հետ ռուսները բանակցում են «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոսը բաժնեմասը վերցնելու համար: Էներգետիկայի նախարարը այսօր ասաց, թե խոսքը մոտ 150 միլիոն դոլարի մասին է՝ առանց հերքելու կամ հաստատելու տեղեկությունը, թե Հայաստանը դրա դիմաց կզիջի «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը։

Մովսիսյանը փաստորեն այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 150 միլիոն դոլար, և Հայաստանի կառավարությունը, կարծես թե, ցանկանում է առաջիկա հինգ տարիներին պահել նույն գինը: Սակայն այդ պարագայում Հայաստանի կառավարությանը հարկավոր կլինի 750 միլիոն դոլար:

Ըստ էության, Արմեն Մովսիսյանը չհերքեց այն տեղեկությունը, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է, այնուամենայնիվ, զիջել «Հայռուսգազարդ»-ում Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոսը։ Բայց լրատվամիջոցները գրում են, իսկ փորձագետները չեն բացառում, որ Հայաստանը կարող է ռուսներին հանձնել նաև Որոտանի ՀԷԿ-երի կասկադը, որի հզորությունը նույնքան է, որքան Հայկական ԱԷԿ-ի մեկ ռեակտորինը և որը այժմ ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 15 տոկոսը: Նախարարն այսօր հաստատեց, որ ռուսները հետաքրքրված են Որոտանի կասկադով։

Որոտանի կասկադի կապակցությամբ հունիսի կեսերին հայտնի դարձավ, որ երեք ՀԷԿ-երից բաղկացած ողջ կասկադը ցանկանում է գնել վարում ամերիկյան ContourGlobal ընկերությունը, որը այդ նպատակով ակտիվ բանակցությունների մեջ է Հայաստանի կառավարության հետ: Այն ժամանակ Արմեն Մովսիսյանը հաստատեց, որ բանակցում են ամերիկյան նշված ընկերության հետ, բայց ավելացրեց, որ այն հայտ ներկայացրած միակ ընկերությունը չէ: Ըստ նախարարի, կասկադը գնելու ցանկություն են հայտնել նաև ռուսական, ուկրաինական, եվրոպական մի շարք այլ ընկերությունները՝ առանց հրապարակելու այդ ընկերությունների անվանումները:
XS
SM
MD
LG