Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատեց 2012-ի պետբյուջեի կատարողականը


66 կողմ, 36 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով խորհրդարանը հինգշաբթի հաստատեց ընդդիմության կողմից երկու օր անխնա քննադատված անցած տարվա պետական բյուջեի կատարողականը:

ՀԱԿ-ի, Դաշնակցության, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» բոլոր պատգամավորները մեկ բացառությամբ դեմ քվեարկեցին բյուջեի կատարողականին, սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչների` Հանրապետականի եւ «Օրինաց երկրի» ձայներն ապահովեցին հաշվետվության հաստատումը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրեց կառավարության նախորդ տարվա աշխատանքի լինելու պատճառները: Հանրապետականն, ասաց, ձախողվել է բոլոր հարցերում: Դրա վառ ապացույցը արտագաղթն է, պետք է կույր լինել, որ չտեսնել, թե ինչ թափ է հավաքել այսօր արտագաղթը, իսկ ՀՀԿ-ն ժողովրդին կեղծ իրականությունն է փորձում մատուցել, համոզված է Ռուստամյանը:

«Սա չեն կարող իրենք արձանագրել, որովհետեւ այդ ամենը ի վերջո պետք է անդրադառնա ընտրությունների մասնակցության վրա: Ընտրությունների ժամանակ, չգիտես ինչու, մեր արտագաղթը բացարձակապես մոռացվում է: Անգամ այն թվերը, որ իրենք հրապարակում են, չեն արտացոլվում ընտրությանը մասնակցածների թվի վրա», - նշեց նա:

Գործ ունենք թալանչիների հետ, ասում է Ռուստամյանը: Նա կարծում է, որ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի:

«Օնլայն ռեժիմով խոստովանում են իրենց մեղքերը, ասում են` մենք թափանցիկ ենք աշխատում, բայց երբ հետեւում ես ծախսերին ու կատարածներին, տեսնում ես, որ մենք գործ ունենք թալանչիների հետ: Վերահսկիչ պալատի այսօրվա հաշվետվությունից հետո որեւէ կառավարություն չպետք է իր տեղում մնար», - կարծում է Ռուստամյանը:

Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանի ծանոթ-բարեկամների մեծ մասը Հայաստանից հեռացել է` հիմնականում սոցիալական խնդիրների, նաեւ անպաշտպանվածության պատճառով:

«Մի որոշակի պահից հետո հարկ մուծող չի լինի... երբ հարկ մուծողը քչանում է եւ դրա հաշվին ապրողը շատանում է, մի փուլից հետո պետությունը քանդվում է: Այդ դեպքում միջազգային որոշ կառույցներ, կամ ինչ-որ ուժային կենտրոն, կամ երկիր, որդեգրում են այդ երկիրը, գումար են տալիս, որ չխեղդվի, դու արդեն կորցնում ես քո քաղաքական ինքուրույնությունը, պետականությունը», - ասում է Մանուկյանը:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի շրջապատից որեւէ մեկը չի արտագաղթել: Իր շրջապատից որեւէ մեկին հեռավորության պատճառով չի կարոտում նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, նրա որեւէ ծանոթ, բարեկամ, մտերիմ կամ հարեւան չի արտագաղթել:

«Ընդդիմության փաստաթուղթը արտագաղթն է դաձել, դրա համար կոշտ է հնչում: Նրանք գնալու են, գալու են, ես այդտեղ վտանգներ չեմ տեսնում, որովհետեւ առանց պետություն ունենալու հայերը եղել են, կան, լինելու են եւ ամրանալու են», - համոզված է Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահն ասում է` իրենց կառավարման առաջիկա տարիներին լայնամասշտաբ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել, բայց անարդարության, մարդու իրավունքների, բարեկեցության բարելավման խնդիրներն ամբողջությամբ հնարավոր չէ լուծել: Նոր ժամանակները նոր պահանջները կծնեն, ասում է Սահակյանը:

Ինչ վերաբերում է անցած տարվա բյուջեի կատարողականին, ապա տեղեկացնենք, որ ԲՀԿ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող եւ ժողովրդին հեղափոխական բարեփոխումներ խոստացող Աբրահամ Մանուկյանը, լինելով խորհրդարանում, չմասնակցեց բյուջեի կատարողականի քվեարկությանը: ԲՀԿ մինչդեռ դեմ քվեարկելու որոշում ուներ: Մանուկյանն ասաց` գոհ է կառավարության նախորդ տարվա գործունեությունից, առավել բավարարված է, սակայն, Հայաստանի նախագահի աշխատանքից:
XS
SM
MD
LG