Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է թուրքական դատարանի որոշումը


Սեւան Նիշանյան
Սեւան Նիշանյան
Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն քննադատում է թուրքական դատարանի որոշումը, որով նախօրեին պոլսահայ հայտնի լրագրող Սեւան Նիշանյանը դատապարտվեց 13.5 ամսվա ազատազրկման` իր բլոգում Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար:

«Այս ազատազրկումը կոպտորեն ոտնահարում է տեղեկատվության ազատության իրավունքն ու պետք է վերանայվի, իսլամի վերաբերյալ քննադատական որեւէ մեկնաբանություն չի կարող լռեցվել Թուրքիայի նման աշխարհիկ երկրում», - հայտարարել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Հայազգ լրագրողի դեմ Թուրքիայում լայնածավալ արշավ սկսեց մեկ տարի առաջ, երբ լրագրողը իր անձնական բլոգում պաշտպանեց իսլամական աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակներին:

«Հանցագործություն չէ կատակներ անել մի արաբ առաջնորդի թեմայով, ով հարյուրամյակներ առաջ իբրեւ թե կապ է հաստատել Աստծո հետ եւ քաղաքական, տնտեսական եւ սեքսուալ բնույթի օգուտներ քաղել որպես արդյունք: Այս մարդկանց վրա հարձակվելով` մենք երեխայական մակարդակի ենք հասցնում այն, ինչ կոչում ենք խոսքի ազատություն», - գրել էր Սեւան Նիշանյանը:

Բլոգում արված այս գրառումից հետո լրագրողի դեմ միանգամից 15 մարդ դատական հայց ներկայացրեց, ընդ որում` հարցը քննության առնվեց միանգամից երեք դատարաններում: Առայժմ դրանցից միայն մեկը` Ստամբուլի քրեական դատարանն է հրապարակել իր վճիռը եւ լրագրողի նկատմամբ ոչ միայն ավելի քան մեկ տարվա կալանք սահմանել, այլեւ զրկել նրան կալանքը գրավով փոխարինելու կամ կասեցնելու իրավունքից:

«Սա աննախադեպ եւ չափազանց խիստ դատավճիռ է անգամ Թուրքիայի չափանիշներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեւան Նիշանյանը` կարծիք հայտնելով, թե դրա պատճառը նաեւ իր հայկական արմատներն են:

«Դրանում կասկած չկա, այս երկրում պատմականորեն եւ ավանդաբար ընդունված չէ, որ հայերը կարող են որեւէ անվայելուչ բան ասել թուրքական ազգի ինքնության կամ կրոնի մասին», - ասում է Նիշանյանը, ում խոսքով, դատարանի վճռից առաջ եւ մինչեւ այսօր ինքը բազմաթիվ սպառնալից նամակներ ու ուղերձներ է ստանում Թուրքիայի տարբեր անկյուններից;

«Նրանք այնքան երջանիկ են, որ ես բանտ եմ նստելու, եւ անգամ կարծում են, որ իրականում արժանի եմ մահվան: Մյուս կողմից այս երկրում ապրող մտավորական մարդիկ կան, որոնք աջակցում են ինձ` դատարանի վճիռը որակելով անընդունելի եւ վրդովեցուցիչ», - ասաց Նիշանյանը եւ նշեց նաեւ, որ պատրաստվում է առաջիկա օրերին բողոքարկել քրեական դատարանի որոշումը:

Նա միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ որեւէ վճիռ երբեւիցե չի կարող ստիպել իրեն մեղմել դիրքորոշումն այս հարցում:

«Դատարանը սպասում էր, որ ես ներողություն կխնդրեմ եւ կընդունեմ, որ ոչ միտումնավոր, այդուամենայնիվ, վիրավորել եմ մահմեդականների զգացմունքները: Ես դա չարեցի եւ չեմ էլ պատրաստվում, ես արտահայտել եմ իմ տեսակետը, դա իմ հիմնարար իրավունքն է, որը պատրաստվում եմ պաշտպանել ու իրագործել մինչեւ վերջ», - պնդեց հայազգի լրագրողը:

Ի դեպ, դատարանի սահմանած խիստ պատժից հետո Նիշանյանը ոչ միայն չընկրկեց, այլեւ եւս մեկ անգամ տարածեց էր իր վիճահարույց գրառումը: Հեղինակավոր CNN-ի հետ զրույցում լրագրողը նույնիսկ ասել էր, որ դիտմամբ է այս քայլով բորբոքել արդեն իսկ լարված կրքերը:

«Ես հույս ունեմ նպաստել խոսքի եւ կրոնի ազատության շուրջ այս երկրում ընթացող բանավեճին», - ասել էր նա:

Հայազգի լրագրողին թուրքական մամուլում արդեն իսկ համեմատում են Հրանտ Դինքի հետ:

«Հատկանշական է, որ Նիշանյանի դեմ դատարանի` «Հրանտ Դինքի ոճով» կայացրած որոշումը հրապարակվեց նույն օրը, երբ խորհրդարանական հանձնաժողովը` իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» առաջնորդությամբ, նոր սահմանափակումներ սահմանեց Մուհամեդ մարգարեի կողմից արգելված ալկոհոլի նկատմամբ», - գրել է այսօր թուրքական Hurriet Daily News-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG