Մատչելիության հղումներ

Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչեւ հինգշաբթի


Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը (կենտրոնում) զրուցում է կարտկտահարությունից տուժած արմավիրցիների հետ:
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը (կենտրոնում) զրուցում է կարտկտահարությունից տուժած արմավիրցիների հետ:
Անսալով փոխվարչապետի եւ գյուղնախարարի հորդորներին` Արմավիրի մարզի ավելի քան տասը գյուղերի մի քանի հարյուր բնակիչները որոշեցին սպասել եւս մի քանի օր:

Գյուղացիները կարկտահարությունից կրած վնասների փոխհատուցման պահանջով այսօր 4 ժամ շարունակ փակել էին Երեւան - Արմավիր միջպետական ճանապարհը:

Առաջիկա հինգշաբթի, ինչպես գյուղացիներին փոխանցեցին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կառավարությունը կքննարկի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաեւ գյուղացիների բարձրացրած այլ պահանջները:

Հայաստանի վարչապետն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ փոխհատուցում չի լինելու, փոխարենը լինելու է օգնություն գյուղացիներին:

«Իր հնարավորությունների սահմաններում կառավարությունը կօգնի գյուղացիներին՝ նաեւ բանկերում տոկոսադրույքների վճարման հետաձգման տեսքով», - ասել է վարչապետը:

Արմավիրի մարզպետարանն այսօր ամփոփել է մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած համայնքների վնասը: Ըստ այդմ՝ տուժել է 46 համայնք՝ շուրջ 11 հազար հեկտար տարածքով:

Այսօր առավոտյան գյուղացիները Արմավիրում հանդիպեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Նա հորդորեց էլի սպասել՝ մինչեւ ամփոփված վնասի չափերի հիման վրա կառավարությունը աջակցության վերաբերյալ որոշում կայացնի: Մարզպետի խոսքին, սակայն, գյուղացիները չհավատալով՝ որոշեցին ուղեւորվել Երեւան՝ բողոքի ակցիա անցկացնելու նախագահական նստավայրի ու կառավարության շենքի առջեւ:

Ոստիկանությունը, սակայն, փակեց միջպետական ճանապարհը: Սրան ի պատասխան արմավիրցիները փակեցին ավտոճանապարհը՝ պահանջելով, որ իրենց հետ հանդիպման գան երկրի նախագահն ու վարչապետը:

Գյուղացիներից մեկը փորձում էր պառկել բեռնատար ավտոմեքենայի տակ, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել նրա այդ քայլը: Իրավիճակն ավելի էր լարվում:

Հայաստանի նախագահի ու վարչապետի փոխարեն գյուղացիների հետ հանդիպման եկան փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Գյուղացիները համաձայն չէին հանդիպել նրանց հետ: Նրանք այդ պաշտոնյաներին դիմավորեցին գոռում-գոչյունով:

Փոխվարչապետը գյուղացիների հետ խոսեց ոստիկանության ավտոմեքենայի բարձրախոսի միջոցով` առաջարկելով, որ ցուցարարների ներկայացուցիչներն իրենց հետ գնան մարզպետարան` լսելու, թե կառավարությունն ինչ է արել անցած օրերին:

Արմավիրցիների մեծ մասը, սակայն, չընդունեց փոխվարչապետի առաջարկը: Նրանք շարունակում էին պնդել, որ երկրի առաջին դեմքերը պետք է իրենց լսեն ու կոնկրետ խոստումներ տան:

Ցույցի մասնակից արմավիրցիներից ոմանք, այդուհանդերձ, մայրաքաղաքից եկած պաշտոնյաների հետ շարժվեցին Արմավիրի մարզպետարան, որտեղ փակ քննարկումը տեւեց շուրջ 3 ժամ:

Մինչ այս քննարկման ավարտը, մայրուղին փակած արմավիրցիները ոտքով շարժվեցին դեպի Մեծամոր քաղաքի մերձակայք: Այստեղ նրանք կարողացան փակել նաեւ դաշտամիջյան ճանապարհները, որտեղով ավտոմեքենաները շարունակում էին երթեւեկել: Գյուղացիները նստել էին ճանապարհի երկու կողմերում եւ շարունակում էին ներկայացնել իրենց պահանջները:

Մարզպետարանում քննարկման ավարտից հետո պաշտոնյաները վերադարձան՝ փոխանցելով, որ առաջիկա հինգշաբթի կառավարությունը կանդրադառնա նրանց բարձրացրած հարցերին:

4 ժամ երկու ուղղությամբ փակված ավտոճանապարհը, ի վերջո, գյուղնախարարի հորդորների արդյունքում, բացվեց: Արմավիրցիները որոշեցին սպասել մինչեւ կառավարության նիստը՝ հայտարարելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, այս անգամ արդեն այլ ճանապարհներ եւս կփակեն:
XS
SM
MD
LG