Մատչելիության հղումներ

Կարկուտից տուժած գյուղացիները վնասի փոխհատուցում են պահանջում


Կարկուտից տուժած գյուղացիները վնասի փոխհատուցում են պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:07:17 0:00
Նախօրեին տեղացած կարկուտը մեծ ավերածություններ է գործել Արմավիրի մարզի Մրգաշատ, Արեւիկ, Սովետական, Արմավիր, Բամբակաշատ, Այեգաշատ, Հայկավան եւ այլ` մոտ երեք տասնյակ գյուղերում: Զայրացած գյուղացիները ոտքի են կանգնել` կառավարությունից պահանջելով փոխհատուցել իրենց կրած վնասները:

Այսօր իրավիճակը լարված էր հատկապես Մրգաշատ գյուղում: Գյուղամիջում հավաքվել էին Մրգաշատի եւ հարակից գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ եւ սպասում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին: Մրգաշատում էին նաեւ Ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցները` բաժնի պետի գլխավորությամբ:

Կարկուտը ոչնչացրել է գյուղացիների այգիների եւ ցանքատարածությունների գրեթե ողջ բերքը: Իսկ դա նշանակում է, որ շատերը զրկվել են ոչ միայն եկամտի, այլեւ` ապրուստի միակ միջոցից: Այս գյուղերում գրեթե չկան մարդիկ, ովքեր գյուղատնտեսական աշխատանքներ են սկսել առանց բանկերից վարկեր վերցնելու, իսկ աշնանը այդ վարկերը պետք է մարվեն: Գյուղացիները հարցնում էին` առանց բերքի, առանց եկամտի ինչպե՞ս պետք է մարեն վարկերը, որոնք ստանալու համար նրանցից շատերը գրավ են դրել իրենց տները:

Գյուղացիները բորբոքված էին, թե ինչո՞ւ հակարկտային կայանները ժամանակին ու անհրաժեշտ որակով չեն աշխատել` կանխելու համար աղետը, ինչո՞ւ պետական մարմինները չեն հայտարարում, թե պատրաստ են փոխհատուցել գյուղացու կրած վնասը, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում:

«Սաղ գյուղի բերքը հավասարվել է գետնին: Ովքեր որ վարկ էին վերցրել, որ էս տարվա համար մի բան մտածեին, ապրեին, գնաց-կորավ վրներից: Հիմա ոչ մեկը չի գալիս ստեղ, տեսնենք` ինչ է կատարվում», - ասում էր զայրացած մրգաշատներից մեկը:

Մրգաշատի գյուղամիջում հավաքված գյուղացիները սպառնում էին կրկին փակել Երեւան-Արմավիր մայրուղին, ինչպես երեկ, եթե գյուղ չգան մարզպետն ու գյուղնախարարության ներկայացուցիչները` վնասի փոխհատուցումից խոսելու համար: Ոստիկանները փորձում էին ետ պահել գյուղացիներին մայրուղին փակելու քայլից:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե հակարկտային կայանները երեկ գործել են, սակայն այդ կայանները ամբողջությամբ չեն ծածկում մարզի տարածքը: Արմավիրի մարզում այժմ կա 69 հակակարկտային կայան, սակայն անհրաժեշտ է եւս 195-ը` մարզի ողջ տարածքը ծածկելու համար:

Իսկ գյուղացիները այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում կասկածներ էին հայտնում, թե երեկ այդ կայանները կրակել են` կառավարությունից պահանջելով փոխհատուցել աղետի պատճառած վնասը:

«Եթե մի հոգու, այսինքն` Պարույր Հայրիկյանի համար պահուստային ֆոնդից կարան 20 միլիոն տրամադրեն, թող բերեն գյուղացուն տան, գյուղացին կարենա հաց առնի, ուտի: Էսօր հացի խնդիր է», - ասում էր գյուղացիներից մեկը:

Մրգաշատից Խաչիկը ցույց տվեց իր այգին, որն ամբողջովին ավերվել էր կարկուտից: Նույն պատկերն էր նաեւ գյուղի ու գյուղին հարակից այգիների մեծ մասում:

«Ինչ ունենք չունենք, դրել ենք սրա վրա, հիմա կարկուտը տարել է, երեք տարի առաջ գոյություն չուներ էս բաղը, հազիվ սարքել էինք, հիմա նորից նույն վիճակն է… էթամ Ռուսաստան, թողենք, էթանք պրծնենք էս երկրից… երկրի պրեզիդենտին էս գյուղում 90 տոկոս ձայն ենք տվել, ես եմ բան ու գործս թողած ձայներ հավաքել, ասեմ եմ` ընտրեք, թող ճանապարհները ասֆալտապատեն, մեր գյուղին մի քիչ նայեն: Է՞ս ա նայելու ձեւը», - դժգոհում էր Խաչիկը:

Մինչ ժամերը անցնում էին, եւ մարզպետն ու գյուղնախարարության ներկայացուցիչները չկային, իրավիճակը լարվում էր… գյուղացիները շարժվեցին դեպի Երեւան-Արմավիր մայրուղի: Չնայած ոստիկանության խոչընդոտներին, գյուղացիներին հաջողվեց որոշ ժամանակով փակել մայրուղին:

Հետո լուր ստացվեց, թե ուր որ է Մրգաշատ կգան Արմավիրի մարզպետն ու գյուղնախարարության ներկայացուցիչները, գյուղացիները թողեցին մայրուղին եւ վերադարձան գյուղ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարզպետ Ղահրամանյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը այցելել են Մրգաշատ եւ խոստացել, որ վնասի չափը հստակեցվելուց հետո, կառավարությունը ուժերին ներածին չափով կփոխհատուցի մարզի գյուղացիներին:

Հարցը քննարկվել է նաեւ այսօր գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած հրատապ խորհրդակցության ընթացքում: Վնասի իրական չափերի ճգրտման գործընթացը տեղերում կամակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբ` առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ:

«Փոխնախարարների գլխավորած մասնագիտական խմբերը, այս եւ հետագա օրերին, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն տուժած տնտեսություններում եւ համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին՝ առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում: Նախարարի կարգադրությամբ այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի եւ սածիլների իրական ծավալները, անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար», - հայտարարում է գյուղնախարարությունը:
XS
SM
MD
LG