Մատչելիության հղումներ

«Համակարգիչներով, որոնցով երեկ էիր աշխատում, այսօր չես կարող»


Հայաստանում սովորող ուսանողները ամեն տարի մասնակցում են միջազգային մրցույթների ՏՏ ոլորտում, սակայն հաճախ մեր համալսարանների տեխնիկան չի բավարարում ուսանողներին` իրենց նախագծերը եւ ծրագրերը իրականացնելու համար:

Օրերս կայացավ ՏՏ ոլորտի «Երեւակայության գավաթ» մրցույթի հայաստանյան եզրափակիչը: Մրցույթի պահանջներից մեկն այն է, որ նախագծերի հեղինակները պիտի ուսանողներ լինեն` բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի: Նախորդ տարի այդ մրցույթին Հայաստանը ներկայացրած 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր թիմի նախագիծը բուհում չեն մշակել, քանի որ բուհի տեխնիկան ժամանակակից ծրագրեր մշակելու համար հնացած է:

«Եթե անկեղծ ասեմ, բուհի տեխնիկայից չեմ օգտվել, որովհետեւ բավականին հնացած է: Ժամանակի ընթացքում այն նորացվում է, բայց դեռ չի հասել այն մակարդակին, որ այժմ միջազգային պահանջներին բավարարող ծրագրերը դրանով մշակենք», - նշեց նա:

Նարեկի խոսքով, այն ուսանողները, ովքեր ցանկանում են ժամանակակից տեխնիկայից օգտվել, պիտի օգտվեն մասնավոր կենտրոններից:

«Համալսարանի տեխնիկան բավարարում է կատարելու ծրագրով նախատեսված աշխատանքները, բայց դրանք սահմանված ինչ-որ թեմաներ են, բայց գիտենք, որ տեխնոլոգիան շատ արագ է զարգանում եւ այն տեխնոլոգիայով, որով երեկ էիր աշխատում, այսօր էլ չես կարողանա», - ասաց Նարեկ Հայրապետյանը:

Այս դիտարկման հետ համաձայն է նաեւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի տնօրեն Եվա Հյուսյանը:

Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, աշխատում են ե'ւ ժամանակակից, ե'ւ անցյալ դարի կեսից եկող սարքավորումներով:

Ռեկտորի կարծիքով եւս հարկավոր է համագործակցել կազմակերպությունների հետ, որոնք ունեն համեմատաբար նոր սարքավորումներ եւ ուսանողներին պրակտիկայի հենց այդ կազմակերպություններ ուղարկել, քանի որ հնարավոր չէ բուհի պայմաններում ունենալ ամեն ինչ:

«Մեր բյուջեն մոտավորապես 2 մլրդ դրամ է տարեկան, միայն լաբորատորիաների եւ լսարանների արդիականացման համար ծախսվում է 150-200 մլն դրամ», - ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Այս տարի Voiceboard project`«ձայնային գրատախտակ» նախագծով Հայաստանը «Երեւակայության գավաթին» ներկայացնող թիմի անդամ Գեւորգ Հովսեփյանը փոխանցեց, որ տեխնիկայի զարգացմանը համընթաց քայլելու համար շատ գումարներ են անհրաժեշտ, որը հայկական բուհերը չունեն. - «Բնականաբար, միջազգային բուհերի եւ կենտրոնների հետ համեմատած, հայաստանյան բուհերը զիջում են, համալսարանը չի կարող նույն տեմպերով զարգանալ, ինչպես Մայքրոսոֆթը, բայց իմ կարծիքով առաջընթաց կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG