Մատչելիության հղումներ

Քաղաքապետը դեռ չի պատասխանել ճարտարապետների նամակին


Երեւանի Ծածկած շուկայի խնդրով քաղաքապետին օրերս դիմած մի խումբ ճարտարապետներ դեռ ոչ մի արձագանք չեն ստացել Տարոն Մարգարյանից:

Քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամները մարտի 29-ին նամակով դիմել են Երեւանի քաղաքապետին` նշելով, որ իրենց համար մտահոգիչ ու անբացատրել է պետական ատյանների թեւաթափ կեցվածքը Ծածկած շուկայի սեփականատիրոջ «ցուցադրական անհնազանդության ու հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ»:

«Տպավորությունն այնպիսին է կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով, մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է` շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքից», - ասված է նամակում, որ ստորագրել են 15 ճարտարապետներ:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով եւս ստորագրել է նամակի տակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առայժմ որեւէ պատասխան քաղաքապետից չեն ստացել:

«Եթե սա ոչնչացվի, սա մի այնպիսի մեծ բիծ է լինելու, որ ոչ մեկը չէր ուզենա ասել, որ իր քաղաքապետության օրը, այ մենք ոչնչացրեցինք սա: Ուրեմն պետք է զգոն լինեն», - հորդորում է Մինասյանը:

Մինասյանի խոսքով ստորագրահավաքից մինչեւ բաց ու փակ նամակներ, տարբեր ժամանակահատվածներում գրել ու դիմել են պետական տարբեր ատյաններին` պահանջելով սրտացավ վերաբերմունք պատմամշակութային արժեքի նկատմամբ:

Մինասյանը ասաց` մարտի 7-ին ստացել են դատախազությունից պատասխան են ստացել, որ բավարար հիմքեր չկան քրեական գործ հարուցելու որոշում կայացնելու համար:

«Գրել, որ բավարար հիմքեր չկան պատժելու, ուղղակի տարօրինակ ու զարմանալի է, որովհետեւ եւ «Հուշարձանների պահպանության մասին» օրենքում, եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում գրված է, որ բացի տուգանքներից կան նաեւ վարչական տույժեր, ավելի խիստ միջոցներ», - ասաց նա:

Մինասյանը վստահեցնում է, որ այսքան նամակներից հետո, որեւէ գերատեսչություն չի փորձել լսել իրենց բողոքը ու համարժեք քայլեր կատարել. - «Մենք հույս ունեինք իշխանությունների վրա, որ իրենք հաշվի կառնեն էդ շենքի կարեւորությունը, բայց մենք տեսանք, որ ընդհանրապես որեւիցե շարժում չի լինում: Իհարկե մշակույթի նախարարությունը դիմել է բոլոր ատյաններին, բայց եթե նույնիսկ նախարարությունն ա դժվարանում էդ հարցը լուծել, ուրեմն պատկերացրեք, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում»:

Մինասյանը ցավով նշում է, որ կորցնում ենք քաղաքի լավագույն շենքերից մեկը եւ հավելում, որ եթե ի վիճակի չենք սեփական հողում պահպանել պատմամշակութային արժեքն, ապա նաեւ իրավունք չունենք ուրիշների վրա խոսելու, թե ինչու են այլ երկրներում մեր հուշարձանները ոչնչացվում:

«Երբեմն հարցնում են, բա սրանից հետո ի՞նչ պետք ա լինի, չգիտեմ ինչ պետք է լինի: Հասարակությունը պատրաստ է էնտեղ օրերով կանգնել, բայց բոլորն էլ զզվել են էդ բաներից, որովհետեւ անընդհատ մարդկանց չի կարելի ուղղել մեկ էս օբյեկտի վրա, մեկ մյուսի վրա: Չէ՞ որ այդ օբյեկտները պահպանելու համար կան պետական մարմիններ, նախարարություններ, այնտեղ զբաղված են ահագին մարդիկ, որոնք բոլորը ստանում են իրենց աշխատավարձերը մեր հասարակության հարկերից: Նրանք պարտավոր են պարտաճանաչ լինել», - շեշտեց Մինասյանը:

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին, եւս անորոշության մեջ են: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը ասաց, որ Մաշտոցի պուրակի պարագայում խնդիրը ստեղծեց քաղաքապետը, հանգուցալուծեց` նախագահը: Նա հեգնանքով նշում է, որ գուցե մի օր այս խնդիրը լուծվի նույն ճանապարհով:

Գերավետյանը վստահեցնում է` Հայաստանում օրենքը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ օլիգարխներին:

«Նախագահը պետք է փոխվի: Այսինքն տվյալ նախագահի օրոք մենք տեսնում ենք, որ ոչ մի խնդիր, օրինապահ մարմինները կլինեն դա, կլինի քաղաքապետարանը, թե ինչ-որ մի օլիգարխի, մեծահարուստի ոլորտում են շահերը, ուրեմն միանշանակ պահպանում են մեծահարուստի շահերը եւ ոչ ժողովրդի», - ասում է Գերավետյանը:

«Ազատություն» ռադիոկայանը երեկվանից փորձում է պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանից Ծածկած շուկայի վերաբերյալ որոշումների, ճարտարապետների նամակին ի պատասխան նրանց քայլերի մասին: Քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անպայման կպատասխանեն մեր հարցերին, քանի որ իրենք եւս շահագրգռված են, որպեսզի նյութը միակողմանի չլուսաբանվի: Խոստացավ, որ առավոտյան նյութը պատրաստ կլինի, առավոտյան էլ խոստացավ հասնել աշխատանքի եւ զբաղվել խնդրով, ու մինչ այս պահը Շուշան Սարդարյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG