Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործ. ամբաստանյալները խոսում են Հայրապետյանի մասին


«Հարսնաքար» ռեստորանային համալիրը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը
Գարիկ Մարգարյանը եւ Արման Խաչատրյանը դատարանում հարկ համարեցին անդրադառնալ բացառապես գործարար Ռուբեն Հայրապետյանի առնչությանը զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած միջադեպին։

Հիշեցնենք՝ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանը եւ Գարիկ Մարգարյանը, ովքեր մեղադրվում են մյուս ամբաստանյալների հետ Վահե Ավետյանին եւ մյուս տուժողներին «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում ծեծելու, Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստում հրաժարվեցին պատասխանել կողմերի հարցերին, սակայն հարկ համարեցին անդրադառնալ Ռուբեն Հայրապետյանի առնչությանը 2012 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը, ով նախաքննության ժամանակ քննիչին ասել էր, թե ինքը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, այսօր, փաստորեն, հրաժարվեց իր այդ ցուցմունքից։

«Նախաքննության ընթացքում քննիչի տված հարցին, թե ես ինչ կապ ունեմ Ռուբեն Հայրապետյանի հետ, ես պատասխանել եմ, որ նրա անվտանգության աշխատակիցն եմ։ Իսկ ես այդ հարցին պատասխանել եմ ըստ իմ տրամաբանության։ Իսկ ըստ իմ տրամաբանության, եթե ռեստորանը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ես էլ այնտեղի անվտանգության աշխատակիցն եմ, բնականաբար ես Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցն էլ եմ», – իր նախաքննական ցուցմունքը մեկնաբանեց Խաչատրյանը ու հայտարարեց. – «Ես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չեմ, չեմ հանդիսացել»։

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին հրապարակվել էին ամբաստանյալ Դավիթ Ադամյանի նախաքննական ցուցմունքները, որտեղ Ադամյանը «Կյաժի»՝ Արման Խաչատրյանի վերաբերյալ ցուցմունք տալիս նրան վկայակոչել է որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ:

Իր հերթին՝ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, ով նախաքննության ժամանակ հրաժարվել էր պատասխանել քննիչի հարցին, թե դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը եղե՞լ է «Հարսնաքարում», այսօր դատարանում իր նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանին հայտնեց, որ իր ասելիքն ասել է, միայն ավելացրեց, թե դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարում» չի եղել, ինքը Ռուբեն Հայրապետյանին չի տեսել այդ օրը:

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղավորներին» քաղաքացիական շարժման անդամ Զարուհի Հովհաննիսյանը, ով հետեւում էր այսօրվա դատական նիստին, տարօրինակ է համարում ամբաստանյալների հայտարարությունները եւ կարծիք հայտնեց, որ նրանք պատվեր են կատարում։

«Եթե որեւէ հարցի չեն պատասխանում, թող այդ հարցին էլ չանդրադառնան», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը, – «Իսկ եթե հենց այդ հարցը այդպես ընդգծում են, ուրեմն իրենք ունեն կոնկրետ ցուցում կոնկրետ մարդու կողմից, ում ծառայել են»։

Հակասություններ ցուցմունքներում



Քանի որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, նախընտրելով խոսել միայն Ռուբեն Հայրապետյանի մասին, հրաժարվեց դատարանին որեւէ ցուցմունք տալ միջադեպի կապակցությամբ, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Գարիկ Մարգարյանը, մասնավորապես, նախաքննական մարմնին հայտնել է, թե կռվին չի մասնակցել եւ որեւէ մեկին չի հարվածել:

Իր հերթին՝ Արման Խաչատրյանը դատարանին հայտնեց, թե որեւէ մեկին չի ծեծել: Իր ցուցմունքում Խաչատրյանը հայտարարեց, թե տուժողներն էին փորձում հարցեր պարզել մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի հետ: Ավտոկայանատեղիում ստեղծված իրավիճակի մասին ամբաստանյալը պատմեց հետեւյալը. – «Վեճ է սկսվել, որը տեւել է շատ կարճ, մոտավորապես 25-30 վայրկյան։ Իմ նման նույնպես Էդգար Նիկոյանը հանգիստ կանգնած մնացել է իր տեղը ու ոչ մի բանի չի միջամտել»։

Հիշեցնենք, նախաքննության ժամանակ տուժողներ Արտակ Բայադյանը եւ Էդգար Նիկոյանը Գարիկ Մարգարյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ պնդել են, որ նա մյուս ամբաստանյալների հետ ծեծել է իրենց եւ մյուս տուժողներին: Տուժողները նախկինում ցուցմունք են տվել, թե միջադեպը սկսվել է մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պահվածքից։

Մեղադրող Արթուր Դավթյանը նախաքննական եւ դատավարական ցուցմունքների համադրությունից հետո հարց ուղղեց. – «Նախաքննական ցուցմունքից երեւում է, որ արդեն ավտոկայանատեղիում էլ դուք կռվողներին բաժանողների մեջ էիք, իսկ դատաքննական ցուցմունքում հայտնեցիք, որ այդ երկրորդ կռիվը այսպես կոչված, որ 25 վայրկյան է տեւել, դուք եւ տուժող Էդգար Նիկոյանը ձեր կանգնած տեղից չեք շարժվել։ Ինչպե՞ս կբացատրեիք այս հակասությունը»։

Ամբաստանյալն ասաց, թե նախաքննության ժամանակ ընդհանրական ցուցմունք է տվել, բայց հակասությունների պատճառը չբացատրեց:

Ի դեպ, այսօր դատավոր Դավիթ Հարությունյանը՝ շարունակելով անցկացնել բաց դատական նիստ՝ կայացրեց աննախադեպ որոշում՝ լրագրողներին արգելեց տեսագրել ամբաստանյալ Արման Խաչատրյանի ցուցմունքը:

Ամբաստանյալներ Արման Բաղդասարյանը եւ Նորայր Հայրապետյանը այսօր ցուցմունք չտվեցին։ Վերջինիս ինքնազգացողությունը ստուգեցին շտապօգնության աշխատակիցները:

Դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG