Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը նշեց Մարտի 1-ի հինգերորդ տարելիցը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը ոգեկոչեց Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ հոգեհանգստյան կարգ մատուցվեց:

Արարողությունից հետո Կոնգրեսի առաջնորդներն ու ակտիվիստները շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, ծաղիկներ դրեցին:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը արարողություններին չէր մասնակցում, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, դրանում «որեւէ արտառոց բան» փնտրել պետք չէ:

Կոնգրեսը, հիշեցնենք, չեղյալ էր հայտարարել Ազատության հրապարակում այսօր նախատեսած հանրահավաքը` համակիրների կոչ անելով հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ պետք է լինեին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները:

«Նրանք իրազեկմամբ դիմել էին քաղաքապետարան այն մասին, որ ժամը 5-ին կազմակերպում են հանրահավաք Մյասնիկյանի արձանի մոտ: Եվ քանի որ ստեղծվում էր խաչաձեւում, քանի որ փաստորեն ստացվում էր, որ երկու ժողովրդական զանգված բաժանված անելու են ակցիաներ, մենք հրաժարվեցինք մեր միջոցառումից եւ կոչ արեցինք ժողովրդին միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, «Ժառանգության» կողմից կազմակերպված հանրահավաքին: Մեզ համար անհայտ պատճառներով այդ հանրահավաքը չի կայացել, այլ բան է արվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել Զուրաբյանի հայտարարությունը:

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, անցած հինգ տարիներին իշխանություններն արել են ամեն ինչ` հանցագործությունը պարտակելու համար. - «Փաստահավաք խումբը, որը մեր ճնշման շնորհիվ ստեղծվեց, իր գործը արեց: Մեր ներկայացուցիչներն այնտեղ այդ գործը արեցին, բացահայտեցին այդ պարտակման փաստերը: Ավելին չկարողացան անել, որովհետեւ Սերժ Սարգսյանը, տեսնելով ինչ խայտառակ ընթացք է այդ փաստահավաք խմբի աշխատանքը ձեռք բերում, ցրեց խումբը»:

Հիշեցմանը, որ հետագայում Սերժ Սարգսյանը ցուցում տվեց «նոր թափ» հաղորդել գործին, Զուրաբյանն արձագանքեց. - «Դա շատ ձեւական բան էր: Միակ նվաճումը, որ մենք այդ առումով ունենք, այն էր, որ Սերժ Սարգսյանը, ռեժիմը, ըստ էության, ընդունեցին մի հանգամանք, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Մինչեւ այդ ասում էին փակված է, որեւէ նոր հետաքննություն պետք չէ»:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը, հիշեցնենք, այժմ էլ նախաձեռնել է ստեղծել Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող նոր հանձնաժողով:

Խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցին, թե արդյոք որեւէ հույս կապում են այդ հանձնաժողովի հետ, պատասխանեց. - «Ինձ համար ամենակարեւորը հետեւյալն է, որ Մարտի 1-ի հարցը, Մարտի 1-ի բացահայտման հարցը չի կարող դուրս գալ օրակարգից, քանի դեռ Մարտի 1-ի սպանություններն իրականացրած բոլոր անձինք չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության»:

2008-ի մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի քույրը համոզված է, որ իր եղբոր սպանությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո - «Որովհետեւ արդարություն չկա: Մինչ օրս չենք տեսել արդարությունը: Իշխանությունը կփոխվի եւ արդարությունը կվերականգնվի: Եթե արդարություն կա, գործող նախագահի ինչո՞ւ չի բացահայտում սպանությունները», - Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
XS
SM
MD
LG