Մատչելիության հղումներ

Ավելանում է աշխատող անչափահասների թիվը


Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած տվյալների, 2011-ին Հայաստանում մինչեւ 16 տարեկան աշխատող 2000 երեխա կար: Անցած տարվա արդյունքները դեռ չեն ամփոփվել:

Նշենք, որ նույն պաշտոնական տվյալերով, 2008-ին եւ 2006-ին աշխատող դեռահասների թիվը ավելի քիչ է եղել:

Այն, որ աշխատող երեխաների թիվը Հայաստանում ավելանում է, նշում է նաեւ Երեխաների աջակցման կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը:

«Երբ պատճառները հարցրինք, պարզեցինք, որ հիմնականում երեխաները աշխատանք են փնտրում եւ աշխատում են ընտանիքը պահելու կամ իրենց դպրոցական ծախսերը հոգալու համար, որպեսզի մյուսներից հետո չընկնեն: Միայն 13 տոկոսն էր, որ սեփական հաճույքի համար էր աշխատում», - ասաց Միրա Անտոնյանը:

Տասնյոթամյա զրուցակիցս, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշի, ասաց, որ աշխատում է սեփական կարիքների համար: Ոսկերիչ է, զարդերը պատրաստում է տանը, վաճառում ոսկու շուկայում:

«13 տարեկանից եմ աշխատել ընկերներիս հետ, Բանգլադեշում (ՀԱԹ) կարուսելներ կան, այ էդտեղ, բայց դա անիմաստ գործ էր` առանց առաջընթացի, այժմյան աշխատանքումս առաջընթաց հնարավոր է», - ասաց:

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, մինչեւ 14 տարեկան անչափահասների հետ աշխատանքային պայմանագիր կնքել չի կարելի, իսկ 14-16 տարեկանների դեպքում հարկավոր է` ծնողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Զրուցակիցս որեւէ աշխատանքային պայմանագիր չի ունեցել եւ այժմ էլ չունի:

Ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանի խոսքով, տարիների ընթացքում փոխվել է անչափահասների կատարած աշխատանքը:

«Եթե նախկինում երեխաները շուկայում ապրանք էին տեղափոխում, հետո ավելի շատ սկսեցին զբաղվել վաճառքով՝ ծաղիկներ, օրացույց, իհարկե դա չպետք է լինի դասերի հաշվին եւ ամենակարեւորը, որը եւ վերաբերում է Ոստիկանությանը, չպետք է լինի աշխատանքային թարֆիքինգ. արդյո՞ք երեխային շահագործում են, արդյո՞ք նրան ուղարկում են աշխատանքի եւ գումարը վերցնում են: Առայժմ այդպիսի բացահայտված դեպքեր չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նելլի Դուրյանը:

2008-ին կատարված հետազոտության համաձայն աշխատող երեխաների 1/3-ը աշխատում էր սեփական կարիքների համար եւ ծնողները տեղյակ չէին նրանց աշխատանքից, ավելի մեծ մասի համար աշխատանք գտել էին հենց ծնողները:

Հետազոտության ընթացքում պարզվել է նաեւ, որ աշխատող երեխաների 80 տոկոսը զբաղված են տնային տնտեսությունում, հատկապես գյուղական համայնքներում եւ երբեմն դա անում են դասերի հաշվին, երբ սկսվում է բերքահավաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG