Մատչելիության հղումներ

Սեւ ցուցակ 2012. ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀԴԿ


ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյան
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյան

Տեղեկատվություն չտրամադրելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) 2012 թվականի սեւ ցուցակում հայտնվել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլոք, ընդամենը 14 պաշտոնյա եւ քաղաքական գործիչ։

«Այս պաշտոնյաները անպատասխան են թողել ոչ միայն առաջին հարցումը, այլ նաեւ դրանից հետո ուղարկված կրկնակի հարցումը», - ասաց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով, եթե ցուցակում ընդգրկեին նաեւ այն անձանց, ովքեր պատասխանել են հարցումներին ժամկետները չպահպանելով՝ 5-ի փոխարեն միջինը մոտ 12-13 օրում, որը եւս օրենքի խախտում է, ապա թիվը կհասներ հարյուրի:

Կուսակցությունների նախագահներին, մասնավորապես, խնդրել են տրամադրել ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց ֆինանսական ծախսերի եւ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվություն:

«ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը անպատասխան են թողել մեր հարցումները, որից հետո ԻԱԿ-ը հայց է ներկայացրել դատարան ԲՀԿ եւ Դեմոկրատական կուսակցության դեմ, որպեսզի դատարանի միջոցով ստանա պահանջված տեղեկատվությունը: Երբ ԲՀԿ-ը հասկացավ, որ դատական գործընթաց է սկսվում, տրամադրեց տեղեկատվությունը, իսկ Դեմոկրատական կուսակցության մասով դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում կայացրեց տրամադրել պահանջված տեղեկատվությունը, ինչպես նաեւ փոխհանտուցել ԻԱԿ կատարած ծախսերը 100.000 դրամի չափով», - նշեց ԻԱԿ նախագահը:

ՀԱԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ԻԱԿ-ը դատարան չի դիմել, քանի որ նմանատիպ դեպքի հետ կապված կար դատարանի որոշում, ըստ որի դաշինքի դեպքում ինֆորմացիա տնօրինող չի կարող համարվել մեկ անձ:

ՀՀԿ-ը լիարժեք պատասխանել է ԱԺ ընտրությունների ժամանակ ֆինանսավորման հետ կապված հարցմանը, սակայն անպատասխան է թողել երկու հացում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի հետ կապված․ - «Նրանք կարող էին ուղղակի մերժել, ասելով, որ քանի որ կա հարուցված քրեական գործ եւ դա նախաքննության գաղտնիք է, այսինքն հղում կատարելով օրենքին, բայց քանի որ ընդհանրապես անտեսվել էր հարցումը, կուսակցությունը հայտնվեց սեւ ցուցակում»:

Սեւ ցուցակում են նաեւ ՊՈԱԿ-ներ, հանրային նշանակության կազմակերպություններ, մասնավորապես մեծ սուպերմարկետներ, դպրոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG