Մատչելիության հղումներ

Փակ է միայն Սելիմի լեռնանցքը


Այսօր ձնածածկույթն առկա է երկրի ողջ տարածքում, բայց բոլոր ավտոճանապարհները բաց են` բացառությամբ Սելիմի լեռնանցքի:

«Ձյան շերտի ամենամեծ բարձրությունը կազմում է Կոտայքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Շիրակում եւ Արագածոտնում: Հրազդանում այն հասնում է 50 սանտիմետրի, նույնքան է Ապարանում: Մայրաքաղաքում ձյան ծածկի բարձրությունը 10-15 սանտիմետր է», - լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը վարորդներին հորդորեց չերթեւեկել հնամաշ անվադողերով: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի անցած օրերին գրանցել են շուրջ 1700 արտակարգ պատահար. դա ավելի է, քան նախորդ ողջ տարվա ընթացքում:

«Սա լուրջ խնդիր է: Ոչ թե ինչ-որ մեկը չի մաքրում կամ մեր պետությունը ուշադրություն չի դարձնում: Երբ տեղում է առատ ձյուն, բավականին դժվարանում են նաեւ մաքրման աշխատանքները», - հավելեց Խանգելդյանը:

Նա փոխանցեց, որ հանրապետական եւ պետական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Ի պատասխան հարցին, որ կան դժվարանցանելի ու փակ ճանապարհներ` Խանգելդյանն ասաց. - «Կան գյուղական համայնքներ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պայմանագիր չի կնքել սպասարկող ճանշին ընկերություն հետ եւ իր տարածքը մաքրում է իր ուժերով: Եվ մաքրում է, թե չէ` մնում է գյուղապետի խղճի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG