Մատչելիության հղումներ

«Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը կանխարգելիչ նպատակ ունի


Երեքշաբթի օրը տեղի ունեցան 2006 թվականից մշակվող «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումները:

Աշխատանքի եւ սոցիալական նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանի խոսքով` Քրեական օրենսգիրքը հատուկ մոտեցում չունի ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ: Քննարկվող օրինագիծը նախատեսում է Քրեական օրենսգիրքը համալրել, օրինակ, 122 ¹ հոդվածով, որն է՝ «Աբորտ կատարելուն հարկադրելը», որը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Իրավաբան Աննա Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրինագծի երկու հիմնական կետերը նրանք են, որ առաջարկվում է բռնարարին վարչական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ ներմուծվում է անմիջական արձագանքի մեխանիզմների գործոնը: Նա պարզաբանեց, որ նախկինում այն բռնությունները, որոնք որպես քրեական չէին որակվում, ըստ էության, մնում էին անպատիժ: Ըստ օրինագծի` բռնություն կիրառողը այժմ կենթարկվի նաեւ վարչական պատասխանատվության:

Օրինագիծը երեք անմիջական արձագանքման մեխանիզմներ է առաջարկում. պաշտոնեական նախազգուշացում, արտակարգ միջամտության որոշում եւ պաշտպանական որոշումը: Առաջին երկուսի իրականացնողը ոստիկանությունն է, երրորդին՝ դատարանը:

«Ըստ օրինագծի բռնություն կիրառած անձին, եթե անհրաժեշտություն լինի` որպես ծայրահեղ միջոց, կարելի է ժամանակավորապես տանից հանել դատարանի որոշմամբ», - ասաց Աննա Մարգարյանը:

Այդ պատճառով Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետ Արամ Սմբատյանը նշեց, որ Ոստիկանությունն առաջարկում է նախագծով իրենց վրա դրված արտակարգ միջամտության որոշման պարտականությունը տալ հենց դատարաններին:

«Ոստիկանությունը մտավախություն ունի նախագծով սահմանված բռնարարին 72 ժամ մեկուսացնելու, նրա բնակության կենսակերպի հետ կապված հարցերը լուծելիս: Միջամտության որոշում կայացնելիս որոշվում է բռնարարի ճակատագիրը, այդ պատճառով ցանկալի է, որ նրա նկատմամբ կիրառվող տույժերը սահմանի դատարանը», - ասաց Արամ Սմբատյանը:

Աննա Մարգարյանը հավելեց, որ իր մտավախությունն այն է, որ «այս նախագիծը հրապարակ է գալիս այն ժամանակ, երբ հիմնովին փոփոխության են ենթարկվում Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերը:

«Իմ մտահոգությունն այն է, որ հիմա օրինագիծը կընդունվի, բայց շատ կարճ կյանք կունենա, մինչեւ որ վերջնական տարբերակը կմշակվի», - ասաց նա:

Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին», «Վարչական դատավարության», «Քրեական», «Քրեական դատավարության» օրենսգրքերում եւ «Ոստիկանության մասին» օրենքում: Այսօր քննարկվելուց եւ լրամշակումներ անելուց հետո նոր, վերջնական տարբերակով օրինագիծը կուղարկվի կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG