Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կօգնի սիրիահայերին


ԱՄՆ- «Հայաստան» հիմնադրամի 2011 թվականի հեռուստամարաթոնը, 24-ը նոյեմբերի, 2011
ԱՄՆ- «Հայաստան» հիմնադրամի 2011 թվականի հեռուստամարաթոնը, 24-ը նոյեմբերի, 2011
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը որոշել է 2012 թվականի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10 տոկոսը ուղղել սիրիահայերին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը:

Գրիգորյանը ասաց նաեւ, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի բարերարների կողմից հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին, հայտարարված գումարների 10 տոկոսը եւս կուղղվի սիրիահայերի կարիքներին:

«Բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերարների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը», - ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը օգոստոսին որոշում էր կայացրել բացել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ` սիրիահայությանն օժանդակելու նպատակով: Այս պահի դրությամբ հանգանակվել է 35 հազար եվրո, 5 հազար դոլար եւ 6.5 միլիոն դրամ:

Գրիգորյանն ասում է, որ 35 հազար եվրոն ծախսվել է ամառային հանգիստը հայստանյան ճամբարներում անցկացրած սիրիահայ երեխաների ճանապարհային ծախսերը հոգալու համար: Մնացած գումարը դեռեւս չի փոխանցվել Սիրիայի հայկական համայնքին: Ամենայն հավանականությամբ, այդ գումարները կփոխանցվեն հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարների հետ միասին:

«Սիրիայում այս գումարներին սպասում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը: Նա նշեց, որ ռմբակոծություններից շատ տներ ու ձեռնարկություններ են վնասվել, եւ այդ գումարներով հնարավոր կլինի կազմակերպել դրանց վերանորոգումը:

Բերիո թեմի խոսնակն ասում է, որ անցած շաբաթ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ուղարկած 14 տոննա մարդասիրական օգնությունը բաշխվելու է 1400 ընտանիքների (այդ թվում նաեւ` ոչ սիրիահայ ընտանիքների):

Ռեիսյանն ասում է, որ վիճակը Հալեպում վերջին օրերին համեմատաբար հանգիստ է, բայց ամեն օր էլ կան ռմբակոծություններ ու պայթյուններ: Երկու օր առաջ էլ ընդդիմադիրները պայթեցրել են Հալեպից օդանավակայան տանող կամուրջը: Նա նշում է, որ դա օդանավակայան տանող հիմնական ու ամենաապահով ճանապարհն էր, եւ այժմ վարորդները ստիպված երթեւեկում են հարակից ճանապարհները:

Այսօր երեկոյան Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաընկերության» ինքնաթիռով Երեւան կժամանի հերթական ինքնաթիռը: Այն արդեն երկրորդ անգամ թռիչք է իրականացնում ավելի երկար ճանապարհով` Թուրքիայի օդային տարածքի փոխարեն օգտագործելով Իրաքինը:

«Սիրիական ավիաուղիներից» «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս փոփոխության պատճառով առայժմ տոմսերի գները չեն բարձրացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG