Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը վերադառնում է եթեր


Հայաստան -- Արտակ Ալեքսանյանը (ձ) եւ Մեսրոպ Մովսեսյանը հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով, 4-ը սեպտեմբերի, 2012թ․
Հայաստան -- Արտակ Ալեքսանյանը (ձ) եւ Մեսրոպ Մովսեսյանը հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով, 4-ը սեպտեմբերի, 2012թ․
10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սեպտեմբերի 10-ից կհեռարձակվի «Արմնյուզ»-ի եթերով: «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ամեն օր ժամը 21-ին կհեռարձակվի «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական հաղորդումը:

«Ա1+» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ թողարկումներում մեծ տեղ է հատկացվելու մշակույթին:

«Հեռուստահաղորդումն ամբողջությամբ պատրաստելու է «Ա1+» հեռուստաընկերությունը: «Արմնյուզ»-ը չի միջամտելու այդ թողարկումների խմբագրական քաղաքականությանը», - նշեց «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը` տեղեկացնելով. - «Պակմանագիրը կնքվում է 1 տարով եւ կերկարացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ»:

Հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ ավելի մեծ հեռուստաընկերությունը կկլանի «Ա1+»-ին, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. - «Ես ինձ չեմ համարում փոքր եւ կուլ տալու համար այդքան էլ հարմար չեմ, որովհետեւ փշոտ եմ: Մտավախություն, իհարկե, կա, որովհետեւ առջեւում քաղաքական պայքար է լինելու, առջեւում խնդիրներ են ծագելու: Բայց ես համոզված եմ, որ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ դա կարելի է բացառել, եւ ես դրան հավատում եմ»:

«Ա1+»-ի ղեկավարը, այդուհանդերձ, հավելեց. - «Սակայն ես նաեւ նախապատրաստվում եմ այդ ամեն ինչին: Եվ ես պատրաստ եմ միշտ այսպիսի հարցերին պատասխանել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այս մասնակի վերադարձով ավարտվում է 10-ամյա պայքարը, Մովսեսյանը արձագանքեց, թե չնայած օրական 20 րոպե եթերաժամի տրամադրմանը, «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը դեռ «դատավարության պրոցեսի մեջ են»:

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ «Ա1+»-ի պահանջները դատարանում կմեղմանան, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. - «ՀՌԱՀ-ի [Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով] որոշումները հիմա գտնվում են դատական պրոցեսի մեջ: Եղել է սխալ: Մեկ անգամ ՀՌԱՀ-ը պատժվել է Եվրոպայի կողմից: Եվ ես ենթադրում եմ, որ երկրորդ պատիժը մի քիչ ավելի խիստ պետք է լինի»:

Անցյալ տարի հեռարձակման կապուղու համար «Ա1+»-ը մրցակցում էր հենց «Արմնյուզ»-ի հետ:

Հարցին, թե որքանո՞վ է համապատասխանում այժմ «Արմնյուզ»-ի վարած լրատվական քաղաքականությունը «Ա1+»-ի վարած քաղաքականությանը, Մովսեսյանը արձագանքեց, թե իր ղեկավարած հեռուստաընկերության քաղաքականությունը չի պատրաստվում փոխել, սա ընդամենը բիզնես համագործակցություն է. - «Ես համարում եմ, որ մենք պետք է եզրեր գտնենք ե’ւ այս դիրքորոշումը ներկայացնելու, ե’ւ այն դիրքորոշումը ներկայացնելու: Հենց այդ առումով մտել եմ այդ գործարքի մեջ, եւ պետք է որ ստացվի: Մենք մեր իրավունքների տերն ենք, բայց միեւնույն ժամանակ կարող ենք կատարել պատվեր նույն «Արմնյուզ»-ի կողմից, որը մեծ սիրով մենք կատարում ենք»:
XS
SM
MD
LG