Մատչելիության հղումներ

Դաջվածք անել ցանկացողները Հայաստանում ավելացել են


Դաջվածք անելիս հայերը ավելի շատ մտահոգվում են, թե ինչ կմտածի հարեւանուհին կամ նրա ամուսինը:

«3-4 տարի մտածել եմ` անե՞լ դաջվածք, թե՞ ոչ: Մոտ մեկ ամիս առաջ վերջնականապես որոշեցի եւ գնացի դաջվածքների սրահ: Խնդրեցի դաջել այն, ինչի մասին երկար էի մտածել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մերին:

Մերին պատմեց, որ ձեռքին դաջել է «no regrets» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է «ոչ մի ափսոսանք», եւ որը իր կյանքի կարգախոսներից մեկն է: Իր կարծիքով, մարմնի վրա դաջվածք ունենալը գեղեցիկ է, բացի այդ` ժամանակի ընթացքում այն ձուլվում է էությանդ, այդ պատճառով նախքան որեւէ դաջվածք անելը հարկավոր է մտածել՝ թե ինչ ես ուզում կրել մաշկիդ վրա ամբողջ կյանքում:

«Միշտ մայրիկիս ասում էի, որ ուզում եմ դաջվածք անել: Երբ տեսավ, մտահոգվեց, ասաց, որ մեր հասարակության մեջ դաջվածքով աղջիկը վատ է ընկալվում, բայց հետո հաշտվեց», - ասաց Մերին:

Տատու նկարիչ Գագիկը արդեն 9 տարի է զբաղվում է դաջվածքներ անելով: Սրահը, որտեղ աշխատում է, բացվել է մոտ 10 տարի առաջ: Գագիկի խոսքով, տարեցտարի ավելանում է դաջվածք անել ցանկացողների թիվը, այդ թվում` կանանց:

«Ամենատարիքով հաճախորդը 78 տարեկան պապիկ էր, դաջեցինք «Դաշնակցության» զինանշանը, մյուսը 70-ին մոտ տատիկ էր, նրան դեմքի տատուաժ արեցինք՝ հոնքերը, շուրթերը: Տարօրինակ դաջվածքներից կարող եմ հիշել մի մարդու, ով ցանկացավ ռուս երգիչ Վալերի Լեոնտեւի դեմքը դաջել», - նշեց Գագիկը:

Սակայն ամենամեծ տարածումն ունի խաչը: Գագիկի խոսքով, դա այն սիմվոլն է, որի դեպքում քեզ չեն քննադատի, եւ բազմաթիվ մարդիկ հենց այդ պատճառով են խաչի դաջվածք անում:

Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ գալիս են մաքրելու դաջվածքները` հիմնականում այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում իրենց սպասելիքներին:

Գարիկի փոխանցմամբ, կան նաեւ այլ դեպքեր. - «Մի աղջիկ մեզ մոտ դաջվածք էր արել: Որոշ ժամանակ անց նա պատրաստվում էր ամուսնանալ, բայց նրա սկեսրայը ասել էր, որ այդ դաջվածքով աղջիկը իրենց տանը չի ապրելու: Աղջիկը եկավ եւ մաքրեց դաջվածքը, բայց հետագայում բաժանվեց այդ տղայից, որից հետո եկավ եւ նույն դաջվածքը նույն տեղում կրկին արեց»:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG