Մատչելիության հղումներ

Վանաձորից ընտրված անկախ պատգամավորը որեւէ խմբակցության չի անդամակցի


Ձախից առաջինը Էդմոն Մարուքյանն է:
Ձախից առաջինը Էդմոն Մարուքյանն է:

Վանաձորում` թիվ 30 ընտրատարածքից ընտրված անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը որեւէ խմբակցության չի անդամակցելու:

«Քանի որ որեւէ կուսակցության գաղափարախոսությամբ կաշկանդված չեմ, շատ ճկուն եմ լինելու ցանկացած ուժի հետ համագործակցելու առումով` եթե իմ ծրագրերը աջակցություն ստանան այդ ուժի կողմից եւ եթե այդ ուժի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները համընկնեն իմ սկզբունքներին եւ ծրագրերին», - հայտնեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները վերաբերում են երիտասարդական քաղաքականությանը, փոքր եւ միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը եւ մի շարք այլ խնդիրների, որոնք, ըստ նորընտիր պատգամավորի` «ուղղված են Հայաստանից երիտասարդների արտահոսքը կանխելուն»:

Էդմոն Մարուքյանը վերջին տասը տարիներին զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, 2007 թվականից արդեն որպես փաստաբան, գործեր է վարել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կրթություն է ստացել Հայաստանում եւ ԱՄՆ-ում:

Պատգամավորը նշեց, որ իր նախընտրական շտաբը իրականացրել է հատուկ մշակված ու հաշվարկված քարոզարշավ` մինիմալ ֆինանսական միջոցներով: Նա համարում է, որ իր հաղթանակում դեր է խաղացել նաեւ քիչ թե շատ կայացած քաղաքացիական հասարակությունը Վանաձորում:

«Սերնդափոխության կոչ ենք արել, կոչ ենք արել, որ երիտասարդ մարդուն, պրոֆեսիանալ իրավաբանին հնարավորություն տրվի հայտվելու Ազգային ժողովում եւ ներկայացնելու մարդկանց շահերը», - ասաց նա:



please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG