Մատչելիության հղումներ

ՀՀԿ ղեկավարը խոստանում է երկրի համաչափ զարգացում ապահովել


Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Տաշիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ միասնության, համախմբվելու եւ սեփական ուժերին հավատալու ուղերձով դիմեց նրանց:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ կուսակցությունը հետեւողականորեն աշխատում է, որպեսզի երաշխավորի ամբողջ Հայաստանի համաչափ զարգացումը: Սարգսյանն ասաց` Հայաստանը միայն Երեւանով սահմանափակելու իրավունք չունեն, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կենսական ենթակառուցվածքները չկենտրոնացվեն միայն մայրաքաղաքում:

«Ամեն երկրում էլ մայրաքաղաքն ու մեծ քաղաքները կլանում են հիմնական միջոցները, դառնում են բնական կենտրոններ: Մեր պարագայում էլ նման երեւույթի ականատեսն ենք, սակայն հենց այստեղ է, որ անհրաժեշտ է դառնում երկրի իշխանությունների միջամտությունը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ համաչափ զարգացումը վերաբերում է բոլոր ոլորտներին: Նա, մասնավորապես, առանձնացրեց առողջապահության ոլորտը:

«Վերջին տարիների ընթացքում մենք հետեւողականորեն աշխատել ենք, որպեսզի երկրի տարբեր մասերում կառուցեն ամենաժամանակակից հիվանդանոցային համալիրներ, այդ թվում նաեւ Լոռու մարզում, որոնք ունակ կլինեն սպասարկելու եթե ոչ մի քանի, ապա գոնե մեկ մարզի բնակիչների», - ասաց նախագահը:

Ստեփանավանում Սերժ Սարգսյանը անդրադարձավ վերջին օրերին սահմանում տեղի ունեցած միջադեպերին: Նա հայտարարեց, որ տեղյակ է բոլոր դեպքերից եւ վստահեցրեց, որ համապատասխան արձագանքը անխուսափելի է:

«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել երկրում տեղի ունեցող գործընթացներից, կամ մտածել, որ ընտրություններ է, մեր գլուխը խառն է», - իր խոսքում ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանը եղավ նաեւ Արեւաշող համայնքում, որտեղ, նաեւ իր աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանամուտի արարողությանը: Արեւաշողում 29 ընտանիք կստանան բնակարանի հավաստագրեր, իսկ ավելի ուշ դրանք կստանան եւս 13 համայնքերի 170 ընտանիքներ:

Նախագահի նախընտրական հանդիպումներից ամենամարդաշատը Վանաձորում էր: Ներկաներից շատերը ուսանողներ էին, մանկավարժներ եւ պետական կառույցներում աշխատողներ: Վանաձորցիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր երեխայի հաճախած մանկապարտեզի տնօրենի խնդրանքով է եկել հանդիպմանը, ով ասել է` իրենց չգնալը կնշանակի, որ «իրեն գործից կհանեն»:

Ուշագրավ է, որ Վանաձորում մի քանի ժամով երթուղային տաքսիները քաղաքացիներին անվճար էին սպասարկում:

Վանաձորում ՀՀԿ-ի քարոզարշավին ներկա էին նաեւ «Փրկենք Թեղուտը» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր սակայն եկել էին ոչ թե քարոզարշավին մասնակցելու, այլ իրենց նամակը նախագահին հանձնելու:

Սերժ Սարգսյանը Վանաձորում հայտարարեց, որ յուրաքանչյուրի կարծիքը էական նշանակություն ունի այս ընտրություններում:

«Կոչ եմ անում բոլորիդ դեն գցել այն բոլոր արտահայտությունները, երբ որ ասում են, որ մեզնից բան չի կախված, մենք ինչ կարող ենք անել, ամեն ինչ որոշված է: Այդպիսի բան չկա, որոշողը դո'ւք եք: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր համայնքի ակտիվությունից է կախված, թե ինչպես է զարգանալու Հայաստանի Հանրապետությունը մոտակա հինգ տարիների ընթացքում», - ասաց նախագահը:

Հանդիպման վերջում շատերը փորձում էին իրենց նամակները փոխանցել երկրի ղեկավարին:

please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG