Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դիմում են Սահմանադրական դատարան


ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյան
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյան
Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր դիմելու Սահմանադրական դատարան (ՍԴ)` պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:

Այդ ցուցակները, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: Արգելքը վերացնելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ընտրությունների մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչը կարեւոր է` հաշվի առնելով ընտրացուցակներում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները:

Ըստ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորած այս քաղաքական ուժերի` այդ անճշտությունները «ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս»:

«Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքով` այդ անճշտությունները հատուկ հանձնարարականով են ստեղծվել:

«Խախտումներն ընտրացուցակում տասնյակ հազարներ են, հարյուր հազարից ավելի են», - ուրբաթ օրը ասաց Օսկանյանը` բերելով օրինակներ, երբ մարդիկ ցուցակներում կրկնվում են` անուններում, ազգանուններում կամ հայրանուններում մեկ տառի փոփոխությամբ: - «Սա միտում է, պարզորեն ինչ-որ մեկը հանձնարարական է ստացել մեկից, որպեսզի նստի սա անի: Սա չի կարող մուտքագրման ինչ-որ սխալ լինի»:

Օսկանյանը նշեց, որ այս իշխանությունը ընտրացուցակները վերանայելու ցանկություն չունի, եւ միակ տարբերակն այն է, որ քաղաքական ուժերը ստանան ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչից հետո կկարողանան ստուգել, թե արդյոք իսկապես գոյություն ունեն քվեարկողները:

«Եթե դա չի արվում, ելնելով ցուցակի անճշտություններից, կարելի է արդեն հիմիկվանից ասել, որ ընտրությունների իսկապես հավաստի չեն կարող լինել», - հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների մասին այսօր խոսեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ դրանք հայտնաբերելու համար նույնպես օգտագործում են համակարգչային տարբեր ծրագրեր: Զուրաբյանը նշեց, թե «աննորմալ քանակ» են կազմում այն հասցեները, որոնցում 10-ից ավելի մարդ է գրանցված: ՀԱԿ-ը նաեւ հայտնաբերել է շենքեր, որոնք կամ գոյություն չունեն, կամ էլ որտեղ մարդ չի ապրում, բայց այդ շենքերի մարդիկ ընդգրկված են ընտրացուցակներում:

«6-րդ ընտրատարածքի մեր թեկնածուն` Ավետ Պողոսյանը, հայտնաբերելով մոտ 10 շենք, որոնք գոյություն չունեն, դիմել է ընտրատարածքային հանձնաժողովին խնդրանքով, որ նրանք ապահովեն հնարավորություն քարոզչություն անելու այդ ընտրողների հետ, որովհետեւ ինքը իր ուժերով չի կարողանում հայտնաբերել այդ ընտրողներին, նրանք բնության մեջ չկան, նշել է անգամ ցուցակներում թե, որ շենքերի մասին է խոսքը, եւ խնդրել է, որ ապահովեն քարոզչության հնարավորությունները այդ ընտրողների միջավայրում: Դեռեւս պատասխան չունենք, թեեւ գիտենք, որ լավ կանաչել են, երբ ստացել են այդ դիմումը: Սա է պատկերը, եւ բոլորիս համար պարզ է, որ ընտրացուցակները կեղծված են, եւ որ պատրաստվում են լայնամասշտաբ կեղծարարությունների», - ասաց Զուրաբյանը:

Ըստ ՀԱԿ համակարգողի` այդ կեղծարարությունները կանխելու միակ տարբերակը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակի ձեռքբերումն է, երբ հնարվոր կլինի պարզել, թե ով է իրականում քվեարկել ընտրության օրը:

Զուրաբյանը «զավեշտալի» համարեց այն հանգամանքը, որ անգամ ՍԴ-ն այսօր չի կարող ստուգել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները:

«Իսկապես սա ինչո՞ւ է պահվում որպես սրբության-սրբոց: Սա իրականում միակ գործիքն է, որով այս իշխանությունները կարող են անպատիժ կերպով իրականացնել իրենց ընտրակեղծարարությունները, ինչպես իրականացրել են տարիներ շարունակ», - ասաց նա:

Այսպիսով, ԲՀԿ եւ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորները պատրաստ են դնել իրենց ստորագրությունները ՍԴ ներկայացվելիք հայցի տակ: Դատարան դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ստորագրությունը, եւ քաղաքական երկու ուժերը խոստանում են այդքան ստորագրություն ապահովել: Չնայած այդ հանգամանքին, միասնական շտաբը այս որոշումը ներկայացրել է նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը: Ինչպես նշեց Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգության» խնդիրն է միանալ այդ հայցին, թե` ոչ:

«Ամեն դեպքում մենք այսօր արդեն այս հայցով մտնում ենք Սահմանադրական դատարան», - ասաց նա:

Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հայցն այսօր չի ներկայացվել ՍԴ:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG