Մատչելիության հղումներ

Այժմ Նարկոլոգիական կլինիկայում թմրամոլությունից բուժվում է 6 մարդ


Տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին փաստում են մասնագետները:

Հայաստանի Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը նշեց, որ այժմ կենտրոնում թմրամիջոցների կախվածությունից բուժվում է 6 մարդ, տարվա ընթացքում բուժվել եւ դուրս են գրվել շուրջ 300-ը:

«Կախվածությունը մեկ հիմք եւ բազմաթիվ պատճառներ ունի: Հիմքն այն է, որ իրենք իրենց այս իրականության մեջ չեն պատկերացնում: Օրինակ՝ իրենց սոցիալական դիրքը չեն ընդունում, այդ պատճառով ընկնում է նրանց ինքնագնահատականը», - հավելեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ըստ նրա, քանի որ ընկած է մարդու ինքնագնահատականը, այդ պատճառով երբեմն զուտ ֆիզիոլոգիական բուժումը հնարավոր է եւ արդյունք չտա, ու տվյալ անձը կրկին սկսի թմրամիջոցներ օգտագործել:

«Կկրկնվի, թե ոչ, դա կախված է մարդու սոցիալական կարգավիճակից, շրջապատից, ստրեսներից, աշխատանքից եւ բազմաթիվ այլ գործոններից», - ասաց Պետրոս Սեմերջյանը:

Ըստ հոգեբանի, թմրամիջոցների գերի դառնալը կախված է նաեւ բնավորությունից: Թմրամիջոցներից կախումը բուժվում է, չնայած բուժվածներն արդեն շարունակում են ապրել լուրջ առողջական խնդիրներով:

Այժմ Նարկոլոգիական կլինիկայում բուժվող 6 մարդկանց տարիքը 30-35 է: Բուժվում են ինքնակամ, իսկ պարտադիր բուժում Հայաստանում քաղաքացուն կարող է նշանակվել միայն դատարանի որոշմամբ: Սեմերջյանը նշեց, որ տարեկան այդպիսի 6-7 դեպք է գրանցվում: Անդրադառնալով թմրամիջոցներից կախման մեջ ընկնող ռիսկային խմբերին, հոգեբանը նշեց, որ առաջին ռիսկային խումբը դեռահասներն են:

Պետրոս Սեմերջյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում դեռահասների շրջանում թմրամիջոցներից կախվածությունը դեռեւս մեծ թիվ չի կազմում. - «Ամեն դեպքում դեռահաս տարիքում այդ խնդրով առողջապահության ոլորտ քիչ են դիմում»:

Հոգեբանի խոսքերով, թմրամիջոցների օգտագործումը կարելի է կանխարգելել մի քանի մեթոդներով: Առաջինը հիպնոզի միջոցով մարդու մոտ տվյալ երեւույթի նկատմամբ զզվանք առաջացնելն է, այս երեւույթը կոչվում է կոդավորում: Մեկ այլ մեթոդ է էքզիստենցիալ թերապիան, այսինքն՝ հիվանդի մոտ կյանքի իմաստավորումը. սա ավելի շատ հոգեբանական բուժման խնդիրն է:


please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG