Մատչելիության հղումներ

Միջոցառումների շարք` ընդդեմ կանանց նկատմամբ բռնության


Նոյեմբերի 25-ից մեկնարկում է կանանց նկատմամբ բռնության դեմ միջոցառումների շարքը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը:

Միջոցառումները միտված են կանանց նկատմամբ բռնության դեմ իրազեկմանը: Դրանց մասնակցում են նաեւ բազմաթիվ տղամարդիկ:

Միջոցառումների մասնակից «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր Սուսաննա Վարդանյանը պատմեց, որ իրենց կենտրոնում, որը գործում է 1997 թվականից, իրենք կնոջը չեն կարող ասել` թող ամուսնուդ կամ ընտանիքդ, որտեղ բռնության ես ենթարկվում ՝ ֆիզիկական, հոգեբանական թե տնտեսական, այլ տալիս են խորհրդատվություն՝ հոգեբանական, հետո իրավաբանական:

«Զանգահարում է կինը եւ շատ ընկճված վիճակում ասում, թե այլեւս չի դիմանում, որ ամուսինն ամեն օր հարբած գալիս է տուն եւ ծեծում իրեն ու երեխաներին: Կամ էլ ասում են, որ տուն է գալիս շատ ուշ եւ ընտանիքին ընդհանրապես գումար չի տրամադրում: Մեր հոգեբանական խորհրդատվության արդյունքում կինը հավասարակշռության է գալիս, եւ երբ իր հիմնախնդրին ի վիճակի է լինում նայել ուրիշ աչքով, ինքն է որոշում կայացնում ՝ մնա՞լ բռնավոր ամուսնու մոտ, թե՞ լքել նրան», - ասաց Սուսաննա Վարդանյանը:

Ընտանեկան բռնության դեպքերի շարունակականությունը միավորել է 7 հասարակական կազմակեպությունների «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մեջ, որի հիմնական նպատակն է իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության եւ դրա հետեւանքների մասին՝ այդպիսով փորձելով կանխարգելել բռնության նոր դեպքերը:

Կոալիցիան ստեղծվել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահից հետո, ով 2010 թվականի հոկտեմբերին մահացավ ամուսնու եւ սկեսրոջ կողմից պարբերաբար ծեծի ենթարկվելու պատճառով: Իսկ նրա ամուսնու 10 տարի ազատազրկման դատապարտվելը «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանն անվանեց իրենց գլխավոր ձեռքբերումը:

Սուսաննան Վարդանյանը նշեց, որ բռնության ենթարկված կանայք խուսափում են դիմել ոստիկանություն, քանի որ կստանան, այսպես ասած, իրենց ամուսնու դեմ քրեական գործ հարուցողի պիտակ եւ հավելեց, որ ունեցել են մի դեպք, երբ բռնության ենթարկված կնոջ սկեուրն ու մայրը համոզել են նրան չդիմել ոստիկանություն:

Այդ պատճառով ավելի շատ դիմում են կանանց բռնության դեմ գործող տարբեր կազմակերպությունների:

Եղել են դեպքեր, երբ զայրացած ամուսինները եւս գնում են կանանց բռնության դեմ գործող կենտրոններ, բայց` այլ նպատակներով:

«Գալիս ասում են՝ կնոջս տվեք, երեխաներիս տվեք, դռներն են խփում եւ այլն», - ասացին բանախոսները:

«Լռությունը չի պաշտպանի քեզ» կարգախոսով էին հանդես գալիս կոալիցիայի անդամները, ովքեր նշեցին, որ ավելացել է այն կանանց թիվը, ովքեր դիմում են իրենց՝ խորհրդատվություն ստանալու համար: Բայց պատճառը բռնության թվի ավելացումը չէ:

«Առաջին պատճառն այն է, որ ավելի իրազեկված են իրենց իրավունքների մասին, երկրորդը՝ կարծես կանայք արդեն սովորել են իրենք իրենց մասին մտածել ու պաշտպանել իրենց իրավունքները», - ասաց Սուսաննա Վարդանյանը:

Կանանց նկատմամբ բռնության դեմ գործող կազմակերպությունների կենտրոններ գործում են նաեւ մարզերում եւ, ըստ վիճակագրության, մարզային կենտրոնները ստացել են 745 հեռախոսազանգ, որոնցից 447-ը եղել են հոգեբանական բռնության վերաբերյալ, 287-ը` ֆիզիկական եւ 11-ը` սեռական բռնության վերաբերյալ: Այս տվյալները մոտ երկու անգամ քիչ են Երեւանում գրանցված զանգերից:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG